Aysor.am-ը գրում է. «Բախտաբեր» հեռուստասերիալի ստեղծագործական կազմը շուտով Կենտրոն հեռուստաընկերության եթերում կներկայանա նոր՝ «Անի» հեռուստասերիալով: Սերիալները, մեծամասամբ, առավել դիտարժան են դառնում հենց դերակատարների շնորհիվ: Կայքը զրուցել է սերիալներից արդեն իսկ մեծ ճանաչում ու սեր վայելող դերասան Սարգիս Գրիգորյանի հետ:
Ս. Գրիգորյանն այս անգամ և՞ս կստանձնի սերիալի գլխոր հերոսի պարտականությունները հարցին ի պատասխան՝ դերասանը նշել է, որ դեռևս ներգրավված չէ «Անի» սերիալում.
«Ինձ առաջարկեցին նկարահանվել ու այդ առաջարկը մինչև այսօր էլ արդի է, սակայն այս անգամ ինքս եմ հրաժարվել՝ որոշելով «time out» վերցնել: Սերիալային աշխատանքը ծավալուն է, իսկ ես մի փոքր գերհոգնել եմ, նաև հիմա ավելի շատ գեղարվեստական ֆիլմերում եմ նկարահանվում, հետաքրքրվում եմ ներկայացումներով, ինչն առավել կարևոր է ինձ համար: Ժամանակի խնդիր ունեմ… Այնպես որ, դեռևս առանց ինձ կսկսվի սերիալը, բայց չգիտեմ՝ հետո կնկարահանվե՞մ, թե՞ ոչ: Ժամանակը ցույց կտա»:
Արդյոք դա նշանակում է, որ նա որոշել է այլևս սերիալներում չնկարահանվել՝ հարցին մեր զրուցակիցը պատասխանել է.
«Ես նման բարձրագոչ հայտարարություն չեմ անում: Հայաստանում մինչև նորմալ կինոարտադրություն չլինի, չեմ կարող նման որոշում կայացնել ու բարձրաձայնել: Բայց, փառք Աստծո, այսօր բավական լուրջ նախագծերի առաջարկներ ունեմ, որոնք ինձ համար, որպես դերասան, շատ կարևոր են: Սակայն չի բացառվում, որ կարող է հետագայում ներգրավվեմ սերիալում, այդ պատճառով էլ չեմ ցանկանա «հպարտ» հայտարարություններ անել»:
Սերիալի կեսից դրանում հայտնվելու դեպքում, բնականաբար, կերպարը գլխավոր հերոս չի դառնա:
«Շատ հետաքրքիր դիտարկում է, բայց նաև պետք չէ մոռանալ, որ այդ պահին է իմ կերպարը ստեղծվելու, ոչ-ոք չգիտի, թե ինչ ասելիք կունենա: Բայց ասեմ, որ ինձ համար գլխավոր, թե երկրարդական՝ նշանակություն չունի: Միայն հիմար դերասանը կարող է ասել՝ եթե գլխավոր չի, ես չեմ խաղում: Ինձ համար կարևորն այն է, որ դերը լավը լինի, ասելիք ունենա ու ինձ դուր գա: Եթե այս սերիալ մտնեմ թեկուզ կեսից, ապա կփորձեմ այնպես անել, որ կերպարս հավասարակշիռ լինի, հետաքրքիր»,-նշել է Սարգիս Գրիգորյանը:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում