Life.panorama.am-ը գրում է. Դերասան Սարգիս Գրիգորյանին հեռուստադիտողները շուտով հնարավորություն կունենան տեսնելու ապրիլյան քառօրյա պատերազմի մասին պատմող ֆիլմերից մեկում, որը նկարհանել է «Շարմ» հոլդինգը: Տվյալ ֆիլմը մեկն է յոթ փոքր ֆիլմերից, որոնք շուտով հանրության դատին կհանձնվեն: Կայքը կապ է հաստատել Սարգիս Գրիգորյանի հետ` պարզելու ֆիլմի մանրամասների և նկարահանման ընթացքի մասին:
«Այս ֆիլմը մեր տղերքի ուժի, սիրո մասին է: Այն ցույց է տալիս, որ պատերազմը կարող է միմյանց կապել նաև սերը, ցույց է տալիս մեր հերոս զինվորների անձնազոհությունը, միմյանց նվիրվածությունը: Կարճ ասած` սա ֆիլմ է, որը պատմում է այն ամենի մասին, ինչին մենք ականատես եղանք ապրիլ ամսին»,- նշել է դերասանը:
Սարգիսի խոսքով` այս անգամ ինքը հանրության առջև կներկայանա տաքսու վարորդի կերպարով, ով շատ տղամարդկանց նման գնում և կանգնում է մեր զինվորների կողքին:
Անդրադառնալով իր կերպարի առանձնահատկություններին` Սարգիս Գրիգորյանն ասել է.
«Որպես այդպիսին, առանձնահատկություն կերպարս չունի: Նա սովորական մարդ է, ով ընկերների հետ զրույցում տեղեկանալով սահմանի լարվածության մասին` զանգում է կնոջը և հայտնում, որ վաղը պետք է մեկնի Լեռնային Ղարաբաղ»,- մանրամասնել է դերասանը` հավելելով.
«Այսինքն` կերպարս վարվում է այնպես, ինչպես որ իրականում քառօրյա պատերազմի ժամանակ վարվեցին շատ շատերը»:
Այս ֆիլմում Սարգիս Գրիգորյանի խաղընկերներն են Ռուդոլֆ Ղևոնդյանը, Խորեն Լևոնյանը, Արթուր Կարապետյանը, Լիկա Էլբակյանը և այլք:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում