▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շանթ» հեռուստաընկերությունից պարզաբանում են, թե ինչո՞ւ Արտյոմ Կարապետյանը չի նկարահանվում «Անուղղելիներում»

Aysor.am-ը գրում է. Սեպտեմբերի 11-ից  «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքի բաժանորդները կրկին առիթ կունենան շաբաթական մի քանի օր իրենց տանը հյուրընկալել սիրված հին հյուրերին՝ վերվարած «Անուղղելիներ»-ին: Հայկական առաջին սերիալի հետևորդներն այս վերադարձը խանդավառությամբ ընդունեցին, սակայն նույն ոգևորությամբ մեկնաբանությունների միջոցով իրենց դժգոհությունն արտահայտեցին առանցքային կերպարներից մեկի՝ Կնյազին մարմնավորող Արտյոմ Կարապետյանի բացակայության մասին:

Թեև կայքի հետ զրույցում սցենարիստ Հարություն Ղուկասյանը նշել էր, որ գյումրեցուն հատուկ համ ու հոտով դերասանի չներգրավվածության պատճառը միայն Հայաստանից բացակայությունն է, ու հնարավոր է՝ առաջիկայում միանա «Անուղղելիներին», սակայն հանրությունը շարունակեց առավել ինտրիգային պատճառներ փնտրել Արտյոմ Կարապետյանի բացակայության համար:

Թեմայի շուրջ պաշտոնական տեղեկություն ստանալու համար կայքը կապ է  հաստատել «Շանթ» հեռուստաընկերության հետ, որտեղից չհերքեցին, որ դերասանի բացակայությունն, իսկապես, անհանգստացնում է սերիալի հետևորդներին: Այդ թեմայով հեռուստաընկերությունն անգամ բազմաթիվ նամակ-խնդրանքներ ու նամակ-բողոքներ է ստացել:

«Իսկապես խնդիր է այն, որ Արտյոմ Կարապետյանը, լինելով «Վերվարածների» գլխավոր հերոսներից, այսօր «Անուղղելիներում» հանդես չի գալիս: Մեզ գրում են, զանգում, հիմնականում՝ զայրույթի տեսքով, պահանջում են Արտյոմի վերադարձն, ասում, որ նախագիծն առանց նրա անիմաստ է և այլն… Իհարկե, մենք կիսում ենք Արտյոմ Կարապետյանի կարևորության մասին դիտարկումները, և այն, որ նա հրաշալի դերասան է ու լավ է մարմնավորել իր կերպարը: Բայց կոնֆլիկտի պատճառով չէ, որ նա ներգրավված չէ նոր նախագծում: Այդ խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում: Ավելին, դերասանի և «Շանթ» հեռուստաընկերության միջև փոխադարձ հարգանք կա: Միակ պատճառն այն է, որ դերասանը ժամանակավորապես բացակայում է Հայաստանից: Գոնե սկզբնական շրջանում տեխնիկապես, ֆիզիկապես հնարավոր չէր ներգրավել նրան սերիալում»,-մեզ հետ զրույցում տեղեկացրեցին «Շանթ» հեռուստաընկերության հասարակայնության հետ հանրային կապերի բաժնից:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее