«Ասպարեզը» գրում է. Ինչպես արդեն հրապարակել էինք, Գյումրիում արվեստագետներն ու մանկավարժները հետաքրքրված էին, թե ով է զբաղեցնելու համայնքապատկան Պիոներ պալատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը:
Պալատի տնօրեն Թամարա Հայրապետյանը 68 տարեկան է (կենսաթոշակային տարիքից անց):
Այսօր Գյումրու Ավագանին 30 կողմ եւ 2 ձեռնպահ քվեարկությամբ հաստատեց Գյումրու քաղաքապետի առաջարկած քաղաքացու թեկնածությունը, պալատի տնօրենի ժամանակավոր պաշտոնը զբաղեցնելու է Գյումրու թիվ 9 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Մովսիսյանի եղբոր դուստրը` Ջուլիետա Մովսիսյանը: Նա նույն դպրոցում դասավանդում է անգլերեն: Ջ.Մովսիսյանի հայրը Գյումրիում հայտնի գործարար է:
Գյումրու թիվ 9 հիմնական դպրոցի կազմակերպիչը Բալասանյան դաշինքի ավագանու անդամ Գայանե Սարգսյանն է, նա Գյումրու քաղաքապետի տեղակալ Վաղարշակ Մխիթարյանի կինն է:
Մի քանի օր առաջ «Ասպարեզը» Գյումրու քաղաքապետից հետաքրքրվել էր, թե ինչ սկզբունքով է առաջարկում Ջ.Մովսիսյանի թեկնածությունը: Քաղաքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը, սակայն, հիմնավոր պատասխան չէր ուղարկել. Կարելի էր ենթադրել, որ այս ծանոթ-բարեկամ շրջապատում իսկապես Ս.Բալասանյանը չուներ հիմնավոր պատասխան, թե ինչու է առաջարկում Ջ.Մովսիսիյանի, եւ ոչ թե պալատի փորձառու մանկավարժների թեկնածությունը:
Այսօր ավագանու նիստին ԳԱԼԱ խմբակցության անդամ Արմենուհի Վարդանյանը նախագիծը զեկուցող, քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Արտուշ Մկրտչյանից հետաքրքրվեց, թե արդյոք Ջ.Մովսիսիյանն ունի պահանջված փորձը: Հարցին կոնկրետ պատասխան չուներ Ա.Մկրտչյանը, փոխարենը հայտնեց, որ Ջ.Մովսիսյանն ավարտել է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետի իսպաներենի բաժինը` ավարտել է գերազանց առաջադիմությամբ, ունի կրեատիվ մտածողություն, նախաձեռնող է:
ԳԱԼԱ խմբակցության մյուս անդամ Արման Գրիգորյանն էլ հարցրեց, թե արդյոք այս պաշտոնի համար դիմել են պալատի աշխատակիցներ: Ա.Մկրտչյանը պատասխանեց. «Ոչ»:
Մինչդեռ, մեր հավաստի տեղեկություններով, դեռ հունվար-փետրվար ամիսներին, պալատի փորձառու աշխատակիցները Ս.Բալասանյանին խնդրել են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ընտրել իրենց անձնակազմից, սակայն Ս.Բալասանյանը հարցն օդում կախված է թողել:
Ջ.Մովսիսյանը ներկա էր նիստին, քվեարկությունից հետո Ս.Բալասանյանն առաջարկեց ծափահարություններով շնորհավորել նրան:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


