
Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման: «Իգլա» ԶՀՀ ապօրինի շրջանառության գործով դատախազը պահանջել է Սամվել Բաբայանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդված 2-րդ մասով, 190-րդ հոդվածի 1-ին մասով: Այն է՝ հանցակցություն՝ ապօրինի կերպով զենք և զինամթերք ձեռք բերելուն, իրացնելուն, պահելուն, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և փողերի լվացման համար:
Պատժի սկիզբը՝ նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից է, այսինքն՝ 2017 թվականի մարտի 22-ից։
Դատախազը պահանջեց Բաբայանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ մինչև սույն գործով կայացվելիք դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը մեղադրվում է այն բանի համար, որ դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Գործով մեղադրվում են նաև Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն և Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը: Նրանցից 3-ն այս պահին կալանավորված են:


