
Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ հրապարակվեցին «Իգլա»-ի և փողերի լվացման գործով ամբաստանյալների դատավճիռները:
Ըստ այդմ, Սամվել Բաբայանը, ով մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի և 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց ազատազրկման 6 տարի ժամկետով։
Դատախազը նրա համար պահանջել էր 7 տարվա ազատազրկում: Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը, ում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, և ում համար դատախազը պահանջել էր 4 տարվա ազատազրկում,դատապարտվեց 3 տարի ազատազրկման։
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը մեղադրվում է այն բանի համար, որ դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:


