
armtimes.com-ը գրում է. Երևանի Նոր Նորք վարչական շրջանում շուտով կբացվի ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Մեգա Մոլ Մասիվ» բազմաֆունկցիոնալ առևտրի կենտրոնը: Կայքը ավելի վաղ գրել էր, որ այդ մոլը Երևանի ամենամեծ մոլն է իր չափսերով, ընթակառուցվածքներով և նախատեսված գործառույթներով:
Պարզվում է, որ մոլի կառուցապատումն իրականացվել է պատգամավորի քրոջ որդու՝ Արթուր Պետրոսյանին պատկանող «ԷՅ ԸՆԴ ՓԻ ԳՐՈՒՊ» ընկերության միջոցով: Պետրոսյանը ընկերությունը հիմնադրել է 2014 թվականին: Արթուր Պետրոսյանը Երևանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի ընտրությունների ժամանակ եղել է ՀՀԿ-ի համամասնական ցուցակի 139-րդ համարը:
Հանրապետական կուսակցության ավագանու ընտրությունների համար բացված կայքում Արթուր Պետրոսյանի կենսագրականում բացակայում է նրա բիզնես գործունեության մասին հատվածները: Պարզապես գրված է, որ Պետրոսյանը սովորել է Երևան քաղաքի 179 միջնակարգ դպրոցում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան), ապա ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում, ծառայել է ՀՀ զինված ուժերում, ՀՀԿ անդամ է և ակտիվ հասարակական գործիչ:
Փորձեցինք քաղաքապետարանից պարզել, թե Սաֆարյան 14 հասցեում տեղակայված մոլի տարածքն արդյո՞ք պատկանել է Երևանի քաղաքապետարանին, եթե այո, ապա` երբ և ում է վաճառվել նույն հասցեում գործող Նոր Նորքի շուկան, որի տեղում «Էյ Ընդ Փի Գրուպ»-ը «Մեգա Մոլ Մասիվ» առևտրի կենտրոնն է կառուցել:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից armtimes.com-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ Սաֆարյան 14 հասցեում գրանցված հողակտորի սեփականատիրոջ և (կամ) սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող ենք դիմել անշարժ գույքի հաշվառող լիազոր մարմին` ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե: «Նոր Նորքի նախկին շուկան չի հանդիսացել Երևան համայնքի սեփականություն: Հաշվի առնելով, որ նախկին շուկան չի հանդիսացել Երևան համայնքի սեփականություն, դրա վաճառքի գումարի վերաբերյալ տեղեկատվություն Երևանի քաղաքապետարանում առկա չէ»,- ասված է քաղաքապետարանի պատասխանում:
Թեև, շուկան չի պատկանել Երևան համայնքին, բայց դրա հարակից տարածքները համայնքի սեփականությունն են եղել, և երկար չարչարվել պետք չեղավ, որպեսզի պարզենք, թե Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ինչպես է միանձնյա որոշում կայացրել այդ տարածքները մաս-մաս «Էյ Ընդ Փի Գրուպ»-ին վաճառելու մասին:
2014 թվականի օգոստոսի 8-ի որոշմամբ` Տարոն Մարգարյանը լիազորել է քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին «Էյ Ընդ Փի Գրուպ»-ի հետ համաձայնագիր կնքել` շուկային հարող տարածքներից մեկը վաճառելու վերաբերյալ՝ նշված ընկերության տարածքի ընդլայնման նպատակով: Հատկանշական է, որ վաճառված 66 քառակուսի մետր տարածքը գնահատվել է կադաստրային արժեքով՝ ընդամենը 459 հազար դրամով:
2014 թվականի հուլիսի 18-ին էլ Տարոն Մարգարյանը որոշել է Գայի պողոտայի 14/6 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «Էյ Ընդ Փի Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող կրպակի զբաղեցրած՝ 7.2քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել ընկերությանը՝ տարածագնահատման 6-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 50 հազար 112 ՀՀ դրամ:
Սամվել Ալեքսանյանի քրոջ որդու հետ քաղաքապետարանն ամենամեծ գործարքը կնքել է 2016 թվականի հունվարի 21-ի՝ Տարոն Մարգարյանի որոշման հիմքով: Գայի պողոտայի 14/1 հասցեում, «Էյ Ընդ Փի Գրուպ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից 1172.98 քմ մակերեսով տարածքը ուղղակի վաճառքի միջոցով քաղաքապետարանն օտարել է ընկերությանը` կադաստրային արժեքով, որը կազմում է 8 միլիոն 163 հազար դրամ:


