
armtimes.com-ը գրում է. Հայաստանի կառավարությունն, ինչպես հայտնի է, որոշել է դպրոցականներից ապագա բիզնեսմեններ կերտել: Այդ նպատակի համար այս տարվա սեպտեմբերից սկսած բազմաթիվ հիմնական դպրոցներում ներդրվեց ձեռնարկատիրական կրթության փորձնական ծրագիր:
Այսօրվա դրությամբ, ըստ պաշտոնական տվյալների, 1274 դպրոցների մեկական 2-րդ եւ 3-րդ դասարաններում «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցումը ներառում է ձեռնարկատիրական տարրեր: Խոսքն, ընդհանուր առմամբ, 62 հազար 900 աշակերտի մասին է: Ծրագիրն իրականացվում է «Փոփոխության սերունդ» կրթական նախաձեռնության շրջանակում:
Ի սկզբանե, երբ ձեռնարկատիրական կրթության ծրագիրը նոր էր ներդրվում, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը մասնավորապես հայտարարել էր. «Եթե ծրագիրը հաջողի, դպրոցներում կունենանք բիզնես մտածողություն եւ սոցիալական պատասխանատվություն կրող աշակերտներ»:
Երեկ, երբ նախարարն այցելել էր Կոտայքի մարզի Արգել համայնքի դպրոցում կազմակերպված «Տեխնոլոգիայի» բաց դասին, երկրորդ դասարանցի փոքրիկների մոտ սոցիալական պատասխանատվության բաղադրիչը արտահայտված չէր: Առայժմ նրանք սովորել էին տարբերել ստեղծած բարիքը ծառայությունից, քննարկեցին ձեռներեցին բնորոշ հատկանիշները, ներկայացվեց, որ Ամանորին ընդառաջ երեխաները պատրաստել են տոնին հատուկ տարբեր առարկաներ, իհարկե, ուսուցչի եւ ծնողների օգնությամբ, եւ տոնավաճառ կազմակերպել՝ 8 հազար դրամի հասույթ ստանալով:
Երեխաներն ասում էին, թե կցանկանային ձեռնարկատիրությամբ զբաղվել, որ սոված չմնան, որ ավտոմեքենա գնեն եւ այլն: Նախարար Լեւոն Մկրտչյանին, հիշեցնելով իր նախորդ հայտարարությունը, հարցրինք՝ իսկ ինչ կլինի, եթե ծրագիրը չհաջողվի, ի վերջո կունենանք փողը նպատակ դարձնող սերո՞ւնդ:
«Չեմ կարծում, թե չի հաջողվի, որովհետեւ եթե չհաջողվի, պիտի հասկանանք՝ ինչն է խնդիրը: Եթե ծրագիրը յոթ տարեկանների համար ծանր լինի, կներդնենք երրորդ դասարանից: Բայց կարծես թե ստացվում է: Այստեղ շատ կարեւոր է ուսուցչի պատրաստվածության աստիճանը, այն թե ուսուցիչն ինչպես կուղղորդի, որովհետեւ այս երեխաները դպրոց են գալիս իրենց ընտանեկան դաստիարակությամբ, իրենց ընտանեկան արժեքներով: Մեկի համար, տեսեք, մեքենան է շատ կարեւոր, մյուսի համար՝ մեկ այլ բան: Բայց եթե հանկարծ ձեր ասած մտահոգությունն արդարանա, ծրագիրը պետք է փակենք»,- պատասխանեց նախարարը:
Բաց դասի ժամանակ նա աշակերտներին տարբեր հարցեր էր տալիս այն մասին, թե ինչպես կվարվեն իրենց վաստակած փողի հետ՝ ակնհայտորեն ցանկանալով ի պատասխան լսել կարիքավորին օգնելու պատրաստակամության մասին: Առանց ուղիղ հարցի այդ պատասխանը չհնչեց: Անդրադառնալով այս մասին մեր դիտարկմանը՝ նախարարը պատասխանեց. «Այո, դա անպայման պիտի լինի ծրագրի խնդիրներից մեկը: Սոցիալական պատասխնատվության պահը այստեղ պետք է կտրուկ ավելացվի»:
Ի դեպ, ձեռնարկատիրական կրթության ծրագրի թեմայով արդեն կարելի է կատակներ լսել, թե հնարավո՞ր է դպրոցներում բիզնես ծրագրով դասավանդելու համար հրավիրվի ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Մանավանդ որ նա վերջերս պատրաստակամություն էր հայտնել ցանկացողների համար բիզնես-դասեր կազմակերպել: Երբ այդ հարցը փոխանցեցինք նախարարին, նա ինքն էլ նույն ոճով պատասխանեց. «Անպայման կհրավիրենք: Սիրով: Ընդ որում՝ ավագ դպրոցում»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


