Իմ շրջապատում շատ կան գերեվարված եւ զոհված զինծառայողների ընտանիքներ, բոլորիս շրջապատում երեւի կան, նրանց մեջ, հավատացեք, հիմնականում չեն մեղադրում Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ հասկանում են, թե ինչ է կատարվել:
Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության նոր պատգամավոր Էմմա Պալյանը:
Հարցին, թե ինչ է կատարվել, նա պատասխանեց. «Այդ երկար տարիներ տեւած թալանի հետեւանքով մենք չունեինք զինված բանակ, այն ամենը, որի մասին պատերազմից հետո խոսվել է»,-ասաց նա:
Էմմա Պալյանը նաև ասել է, որ սահմաններին այս պահին խաղաղ է և դա այսօրվա իշխանությունների շնորհիվ է նաև․․․
Հավելենք, որ անդրադառնալով նորընծա պատգամավորի մտքերին, տելեգրամյան ալիքներից մեկը գրել էր․ Զինված բանակ չունենալու մեջ նախկիններին մեղադրելուց առաջ Նիկոլ Փաշինայանի թիմակիցները լավ կանեն պատասխանեն հարցին՝ ինչո՞ւ են 130 միլիոն ԱՄՆ դոլարով գնել առանց հրթիռների ՍՈւ 30 կործանիչներ, որոնք այդպես էլ չեն օգտագործվել պատերազմի ժամանակ՝ սպառազինության բացակայության պատճառով: