▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սահմանն ինձ է սպասում. ապրիլյան պատերազմում վիրավորված Ռուբենը` առողջական վիճակի և բուժման գումարը գողացողի մասին

Զոհված ընկերներ, կյանքի ու մահվան պայքար, ֆիզիկական մեծ ցավ… 2016 թվականի ապրիլ ամիսը Թալիշում ծանր վիրավորված զինծառայող Ռուբեն Առաքելյանը երբեք չի կարողանա մոռանալ: Օրեր առաջ իր 20-ամյակը տոնած Ռուբենը, սակայն, կյանքի հանդեպ լցված է անսահման լավատեսությամբ , ոչինչ չի կարողացել նրան կոտրել:  «Կրկին հաղթելու եմ»,- վստահորեն նշում է Ռուբենն ու խոստովանում, որ ծառայելու ցանկությունն ավելի է մեծացել:

-Ռուբեն, տևական ժամանակ է, ինչ բուժում եք ստանում Գերմանիայում: Նախ կցանկանայի տեղեկանալ` ի՞նչ փոփոխություններ կան Ձեր առողջական վիճակում:

-Նախ նշեմ, որ անչափ շնորհակալ եմ Էրեբունի ԲԿ-ի նվիրված ու սրտացավ բժիշկներին, ովքեր փրկեցին կյանքս: Գերմանիա տեղափոխվելուց հետո ազատվեցի շնչառական խողովակից, սկսեցի ազատ խոսել, մինչ այդ շշուկով էի խոսում: Ձախ ձեռքս սկսեցի շարժել, որի շնորհիվ կարողանում եմ էլեկտրական սայլակով ինքնուրույն տեղաշարժվել, հեռախոս օգտագործել, երբեմն հատուկ սարքի օգնությամբ փորձում եմ ինչ -որ բան ուտել… Զգում եմ որ շարժը գնալով ակտիվանում է, աշխատում եմ ինձ վրա, որպեսզի դաստակս ու մատներս նույնպես շարժվեն: Վերականգնողական թերապիաների եմ մասնակցում, մեջքս որոշ չափով կարողանում եմ պահել:

-Բժիշկների կարծիքով` Դուք ե՞րբ վերջնականապես ոտքի կկանգնեք և կկարողանաք վերադառնալ Հայաստան:

-Ասում են, որ երկար ժամանակ է պետք, ստույգ ժամկետ չեն կարող նշել: Բայց շատ եմ ուզում վերադառնալ Հայաստան, հնարավոր ամեն ինչ կանեմ, որպեսզի ոտքի կանգնեմ ու հետ գամ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Գիտեմ, որ օրեր առաջ նշել եք Ձեր ծննդյան 20-ամյակը: Վստահ եմ, որ այն բոլոր առումներով տարբերվել է նախորդներից:

-Իսկապես տարբերվում էր…Օրս իսկական տոն դարձրին այստեղի հայերը, արդեն հարազատ դարձած մարդիկ, որոնց անչափ շնորհակալ եմ մշտապես իմ կողքին լինելու ու շուրջս ջերմ մթնոլորտ ստեղծելու համար:

-Ռուբեն, Ձեր` Գերմանիայում բուժում ստանալու հետ կապված ֆինանսական հարցերը լուծելու գործում ինչ դեր ունեն ՀՀ և ԱՀ ՊՆ նախարարությունները:

-Ժողովուրդս, կլինի նախարար թե հասարակ քաղաքացի, օգնել են իրենց չափով, ինչի համար շնորհակալ եմ:Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Գայանե Մուրադյանին, ով միշտ կողքիս է եղել առաջին իսկ օրվանից:  

-Ռուբեն, չեմ կարող չանդրադառնալ նաև նրան, որ մեծ աղմուկ բարձրացրեց այն փաստը, որ Ձեր մայրը ստիպված դիմել է գերմանական իրավապահներին՝ որպես հայրենակցի խաբեության զոհ, քանի որ հայազգի բժիշկ Վարդան Խաչատրյանը գրպանել է Ձեր բուժման համար հավաքված գումարը, ինչից հետո, սակայն, բժիշկը հանդես եկավ հերքումով: Իրականում ի՞նչ էր տեղի ունեցել, արդյո՞ք որևէ մեկը ենթարկվեց պատասխանատվության:

-Ենթարկվեց պատասխանատվության, բայց այդ մասին չեմ ցանկանա մանրամասնել:

-Ձեր մորաքույրը հարցազրույցներից մեկում նշել էր, որ Արթուր Աբրահամի հանձնարարությամբ Ձեզ անընդհատ այցելում է նրա ընկերը: Հետաքրքիր է, ըստ Ձեզ` ո՞րն էր այցելությունների նպատակը: Արթուրն անձամբ այցելե՞լ է Ձեզ:

-Արթուր Աբրահամն ինձ անձամբ չի այցելել:

-Ռուբեն, ապրիլյան պատերազմի բոլոր մասնակիցների կյանքը դրանից հետո կարծես բաժանվեց 2 մասի, գրեթե բոլորն մասնակիցներն են նշում այդ փաստը: Դուք անձամբ ինչպես կարողացաք հաղթահարել այն բոլոր դժվարությունները:

Ֆիզիկականս դեռ հաղթահարման փուլում է, իսկ ինչ վերաբերվում է մինչ պատերազմը և պատերազմից հետո իմ ներաշխարհի փոփոխությանը, պետք է ասեմ, որ եթե առաջ ավելի թռուցիկ էի վերաբերվում կյանքին, այժմ ինձ համար կարևոր է կյանքի ամեն րոպեն, վայրկյանն ու ակնթարթը… Երբեք չի մոռացվի, պատերազմը, այն իր մարդկային կորուստներով դառը հետք թողեց բոլորիս հիշողության մեջ… Հիմա ծառայելու ցանկությունս ավելի է մեծացել, սահմանը ինձ է սպասում, դեռ վրեժ ունեմ՝ ինձ համար, զոհված ընկերներիս համար:

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее