▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սահմանադրության փոփոխության հարցում Քոչարյանի կարծիքը չենք կիսում. Շարմազանով

 

 

ՀՀ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է, Հանրապետական կուսակցությունը չի կիսում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն տեսակետը, թե Սերժ Սարգսյանը ձախողվեց Սահմանադրական բարեփոխումների և վարչապետի աթոռին տեղափոխվելու փորձ կատարելու պատճառով:

Էդուարդ Շարմազանովի խոսքով, սահմանադրական փոփոխությունները կապված չէին Սարգսյանի՝ երրորդ ժամկետով իշխանությունը պահպանելու փորձի հետ.

«Խորհրդարանական համակարգին անցնելը շատ դրական քայլ էր ժողովրդավարության, ազգային անվտանգության ամրապնդման համար, բխում էր պետական շահից: Այն ժամանակվա իրականությանը համապատասխան Հանրապետական կուսակցությունն ընտրություններում մեծամասնություն է ստացել, և մենք որոշեցինք, թե ում ենք վստահում այդ պաշտոնը: Մեր թիմում ավելի իմաստուն, պատրաստված, մարտահրավերներին դիմակայելու, ազգային անվտանգությունը գիտակցելու, Արցախի շահը պաշտպանելու ավելի փորձառու գործիչ չունեինք»:

ԱԺ փոխնախագահը չբացառեց, որ իրենք կարող են համագործակցել Ռոբերտ Քոչարյանի հետ՝ չնայած վերոնշյալ հարցերում ունեցած տարակարծություններին:

«Մենք ունենք մեր քաղաքական օրակարգը, մենք պատրաստ ենք հանուն ՀՀ ամրապնդման պայքարել բոլոր այն գործիչների հետ, որոնք կկիսեն մեր կարծիքը: Մեր պայքարը ոչ թե ընդդեմ ինչ-որ մեկի է, այլ հանուն մեր հայրենիքի ամրապնդման»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

ԱԺ փոխնախագահն ասել է, որ կուսակցության օրակարգի գաղափարներն են՝ քրիստոնեական և ազգային արժեքները չվտանգելը, Արցախի շահերի պաշտպանությունը, Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի շարունակական լինելը, ՀԱՊԿ-ում և Եվրասիական միությունում ՀՀ դիրքերը ուժեղացնելը, ԵՄ հետ համաձայնագրի բոլոր կետերի իրականացումը:

Էդուարդ Շարմազանովը նաև նշեց, որ ՀՀ երկրորդ նախագահն ասելիք և անելիք ունի քաղաքականության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее