Այսօրվանից սկսած՝ Արամի 42/1 հասցեում գտնվող «Ժան Պոլ էքզիստենցիալ» սրճարանում կկայանա նկարիչ Սամվել Սաղաթելյանի՝ «Սերը Կուտա» խորագրով ցուցահանդեսը, որն իրենից ներկայացնում է քաղաքական և անձնական պրոտեստի նշանների նոր շարք և նոր վիդեո ինստալացիաներ: Asekose.am-ը զրուցել է նկարչի հետ՝ ցուցահանդեսի մանրամասների, դրա միջոցով մարդկանց իր ասելիքը փոխանցելու և այլ թեմաների մասին:
Պրն. Սաղաթելյան սկզբում կցանկանայի, որպեսզի պատմեիք սպասվելիք ցուցահանդեսի մասին և հետաքրքիր է, ինչո՞վ է պայամանավորված դրա՝ «Սերը Կուտա» հայտնի ժողովրդական արտահայտությամբ խորագիրը:
Առհասարակ, սեր բառը շատ է շահարկվում և շարունակում է շահարկվել: Ժողովրդական այս խոսքի մեջ ինչ-որ իմաստություն էլ կա, սեր բառը կարող է արտահայտել այն, ինչ իրականում կա և հակառակը: Այս ցուցահանդեսի իմաստը սերը և սեքսն է, փորձել եմ միացնել այս երկու հասկացությունները՝ ցույց տալով դրանց և՛ հակասական բնույթը և՛ ոչ հակասականը, նշակետը՝ սեռը-սեքսը, որովհետև արվեստում ես ընտրում եմ սեռը, սեքսը՝ որպես խնդիր առաջացնող: Դա միակ ձևն է անհատականության դրսևորման և ունակ առաջացնելու պատային իրավիճակ այն ուժերի համար, որ պատրաստ են «վիզդ կտրելու» և քեզ անհատականությունից զրկելու: Այս ցուցահանդեսի մեջ, իհարկե, պռովոկացիա կա: Այստեղ օգտագործված է լեզուն, այսինքն՝ նկարներում պռոտեստի նշաններ են՝ հայհոյանքներ, տարատեսակ փողոցային արտահայտություններ, որոնք արտահայտում են մարդու ներքին բողոքն ինչ-որ երևույթի նկատմամբ: Այս ամեն ինչին տվել եմ նաև քաղաքական բնույթ, սերը, սեռայնությունը, սեքսուալությունը մարդու ինքնության արտահայտման ձևերից են, որոնք իրենց հերթին արտահայտվում են սեքսուալ ակտի մեջ: Այդ ակտը շատ լայն հասկացություն է, այն ոչ միայն անձնական է, այլ նաև՝ քաղաքական: Որոշակի իրադարձություն եթե տեղի է ունենում, դա հեղափոխություն է, իսկ հեղափոխության մեջ սեքսուալություն կա, սեքսուալ ակտ կա, որ տեղի է ունենում: Այս առումով սա ես կապում եմ նաև սեքսի հետ: Այսինքն՝ սա սիրո և սեքսի ակտ է: Ինչ պրոտեստ, ինչ հայհոյանք էլ, որ լինի, եթե դա չի իրականանում ակտի միջոցով, դա մնում է օդում կախված: Կոնկրետ այս ցուցահանդեսի շնորհիվ բողոքը, հայհոյանքը ես տեղափոխել եմ արվեստի դաշտ, այսինքն՝ անզորության դաշտից դրանք տեղափոխել եմ արվեստի դաշտ:
Նկարները, որոնք այսուհետ մարդիկ հնարավորություն կունենան տեսնելու, պատված են գույնզգույն փայլերով: Ի՞նչ եք փորձել ցույց տալ դրանցով, ի՞նչ նշանակություն ունեն դրանք:
Գլամուրի, տոնականության, նույնիսկ ինչ-որ մանկական փայլ եմ փորձել տալ նկարներին, որպեսզի էլ ավելի շեշտեմ դրանց նշանակությունը և տեղափոխեմ դրանք փոփ արվեստ: Այն ամենը, ինչ արտահայտված է այս նկարներում և՛ լուրջ է, և՛ լուրջ չէ, չէ որ այս անլրջությունն իր մեջ կրում է նաև լրջություն:
Պրն. Սաղաթելյան, գրեթե միշտ Ձեր ցուցահանդեսները բավական լուրջ քննադատություններ են առաջացրել, որովհետև դրանցից յուրաքանչյուրում կարծես թե սկանդալային ինչ-որ տարր կա: Ինչպե՞ս եք վերաբերում Ձեր անձի շուրջ առաջացող բացասական քննարկումներին:
Արվեստագետի և հասարակության փոխհարաբերությունների մեջ կարևոր հանգամանքներից մեկն ակտուալ իրավիճակ ստեղծելն է, կարևոր է, որ հանդիսատեսն անտարբեր չմնա: Շատ հաճախ մարդկանց մոտ առաջացած ռեակցիան ստիպում է նրանց մտածել ինչ-որ հարցերի շուրջ: Արվեստի մեջ հակասությունը շատ բնական է, արվեստը պետք է մի փոքր վտանգավոր լինի, այն պետք է ռեակցիա առաջացնի, ինչ-որ բան պետք է տեղի ունենա՝ հատկապես մեր՝ աբսուրդի եզրին հասնող իրականության դեպքում: Ճիշտ է, նոր նկարներ կան, բայց այս շարքը նորություն չէ, և այն բոլոր հայհոյանքները, փողոցային բառերը, որոնք արտահայտված են նկարներում, շատ մարդիկ հավեսով են ընկալել, իհարկե, առաջին շոկը հաղթահարելուց հետո: Ես շատ նորմալ եմ ընդունում քննադատությունները, որովհետև ցանկացած դեպքում, եթե ինչ-որ բան է տեղի ունենում, դա արդեն լավ է:
Որոշ ժամանակ առաջ մշակել էիք «Բաց ցենզուրա» նախագիծը, որը հետագայում, սակայն, դադարեցվեց: Հետաքրքիր է, արդյո՞ք մտադրություն կա այն «վերակենդանացնելու» և եթե այո, ապա ի՞նչ է այն իրենից ներկայացնելու:
Երբ ես Շուշիում տեղի ունեցած «արտ փրոջեքթի» ժամանակ հանկարծակի, առաց երկար ծրագրելու մերկացա, ստացվեց, որ ամբողջ իրադարձությունները դրա շուրջ ծավալվեցին, դրանով, կարելի է ասել, ցենզուրայի բացումը ստացվեց, այսինքն՝ անձամբ իմ ցենզուրայի: Առհասարակ, արվեստագետը միշտ մերկանում է, ինքը չի կարող չմերկանալ: Խոսքը միայն, բնականաբար, մարմնի մերկության մասին չէ: Դրա մեջ և՛ խոցելիություն կա և՛ շատ հզոր մի բան: Նույնը վերաբերում է նաև մարդու մարմնի մերկությանը, որը երբ անհատը հաղթահարում է, դառնում է անխոցելի: Մտադրություն կա այդ նախագիծը իրականություն դարձնելու, նույնիսկ արդեն հասցրել եմ որոշ հարցեր քննարկել, տեսնենք, թե երբ կստացվի: Շատ փակագծեր չբացելով՝ նշեմ նաև, որ մարտի 13-ին շատ հետաքրքիր ցուցահանդես է նախատեսվում, որի ժամանակ ինքս իմ մարմինն եմ տրամադրելու որպես, այսպես ասած, ուղերձ:
2014թ. իրականացրիք «Սահմանային իրականություն» խորագրով ցուցահանդեսը, որի ժամանակ ներկայացվեցին դատապարտյալների աշխատանքները և ոչ միայն: Իր տեսակով սա առաջինն էր, ինչով էլ պայմանավորված էր մարդկանց բուռն արձագանքը: Առաջիկայում նախատեսո՞ւմ եք նման տեսակի միջոցառում:
Այո, դա ունիկալ իրադարձություն էր, ունիկալ էր իր աշխատանքով դատապարտյալների հետ, նրանց մասնակցությունով ցուցահանդեսին, բանտի դռները բաց լինելով և այլն: Շատ հետաքրքիր ստացվեց, հետաքրքիր էր դատապարտյալների հետ իմ առնչությունը, հետաքրքիր էր այն, որ նրանք համաձայնեցին մասնակցել նման նախագծի, թույլ տվեցին լուսանկարել իրենց և ներկայացնել այդ լուսանկարները, հատկապես ուշագրավ էր կին բանտարկյալների լուսանկարների շարքը:
Բացի այդ, հետաքրքիր էր նաև պետական համակարգի հետ գործ ունենալ, մտածել ինչպես անել, որ որպես արվեստագետ արածդ կոմպրոմիս չլինի: Այս նախագծի հետ կապված՝ շարունակական մտքեր կան, նույնիսկ մի քանի օր առաջ հանդիպել եմ Արդարադատության նախարարության աշխատակիցների հետ, որպեսզի ապագայում նմանատիպ մի բան իրագործեմ, տեսնենք, թե ինչպես կստացվի:
Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան