Aysor.am-ը գրում է. Դերասանուհի Ջուլիա Սաղաթելյանը, ով երեք ամիս առաջ Գյումրի-Մաստարա ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի տուժողն էր ու, կարելի է ասել, հրաշքով փրկվեց՝ այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Չնայած վիրահատությանն ու այս ամիսների ընթացքում կրած բազում դժվարություններին՝ տոնական օրը հոբելյարի համար ամենասպասված նվերով սկսվեց:
«Այսօր հերթական այցելությունս էր բժշկին և Աստծո կամքով պարզվեց՝ ամեն ինչ լավ է: Գիպսն արդեն հանել են ու ասացին, որ վիրահատության կարիք չկա: Սա ինձ համար այսօր շատ մեծ նվեր էր թե՛ Աստծո, թե՛ բժիշկների կողմից: Շատ ուրախ եմ, տրամադրությունս էլ շատ բարձր է»:
Նրան արդեն իսկ թույլատրել են հենակների օգնությամբ քայլել, սակայն ոտքերը ծանրաբեռնել՝ խորհուրդ չի տրվել: «Հուսով եմ, վերականգնողական շրջանը լավ կանցնի և շուտով ոտքի կկանգնեմ: Ասացին, որ մեկ ամսվա ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի: Հույս ունեմ, որ ոչ միայն մարմնի, այլև հոգու առողջություն ձեռք կբերեմ, չէ՞ որ առանց իմ զբաղվածության, աշխատանքի ինձ կիսատ եմ զգում»,-ընդգծեց նա:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում