ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հրապարակել է «Կրեմլյան զեկույցը»։ Այստեղ ներառված է 210 անուն։ Ցուցակում հայտնվածներից 114-ը ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներ և պետական ընկերությունների ղեկավարներ են, իսկ 96-ը՝ գործարարներ։ Նրանց թվում են՝ ռուսաստանաբնակ հայ գործարարներ Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը, Սերգեյ Գալիցկին (Հարությունյան):
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը չի հասկանում, թե ի՞նչ իմաստ ուներ Forbes-ում ընգրկված անձնանց անուններնայդ ցուցակում ընդգրկելը:
«Ի՞նչ են ուզում ասել սրանով, չեմ հասկանում: Դե թող ամերիկացի միլիարդատերերի անուններն էլ գրեն: Եթե հայտարարում են, որ Ռուսաստանն ու Չինաստանն են իրենց հակառակորդները, բա ինչո՞ւ չինացիների նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառում: Շատ պարզ պատճառ կա.Եթե փորձեն նման բան անել, Չինաստանն իր մոտ կուտակած մի քանի տրիլիոն դոլարը դուրս կբերի շուկա ու շատ վատ բան կկատարվի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արամ Սարգսյանը:
Ինչ վերաբերում է նման ցուցակներ հրապարակելուն, ապա տնտեսագետ Ատոմ Մարգարյանի խոսքով՝ սա ԱՄՆ քաղաքականությանը բնորոշ է:
«Բայց Ռուսաստանի նախագահական ընտրությունների նախօրեին նման ցուցակների հրապարակումը կարծես թե Թրամփին հնարավորություն է տալիս ձերբազատվել կոմպլեքսից, ինքնահաստատվել որպես նախագահ: Այս ցուցակը կարող է որոշակի անհանգստություններ առաջացնել, սակայն նվեր է Պուտինին։ Նրա ռեյտինգը ավելի կբարձրանա»,-նշեց տնտեսագետը:
Ատոմ Մարգարյանը նկատում է՝ չկա չարիք, առանց բարիքի: Ցուցակում հայտնված անձանց կապիտալը կարող է զետեղվել երրորդ երկրների շուկաներում, այդ թվում՝ Հայաստանում:
«Հայաստանից կապիտալի արտահոսքը շատ լուրջ է, ունի օլիգարխիկ արմատներ, այսինքն, ՀՀ տարածքը նրանց համար ռիսկային է դառնում և դա է պատճառը, որ այսօր չունենք այն ներդրումները, որոնք կարող ենք ակնկալել: Ավելին՝ չունենք այն ծրագրերը, որոնք կարող էին ավելի հրապուրիչ լինել ներդրողի համար»,-ընգծեց Արամ Սարգսյանը:
Անի Կարապետյան


