Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ երեկոյան ժամը 23։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 3 շենքի բակում Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի երեք զինծառայողների միջեւ վիճաբանություն է սկսվել, ինչը վերածվել է ծեծկռտուքի, իսկ ռուսական ռազմաբազայի ջոկի հրամանատարները բերման են ենթարկվել: Դեպքի հետ կապված Aravot.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել:
Ծեծկռտուքը նկատել ու կանխել են տեղում հսկողություն իրականացնող ոստիկանները՝ «Մուշ» բաժնի պարեկապահակային դասակի ծառայողները: Ոստիկանների մոտենալու ժամանակ 3-ը դիմել են փախուստի, մեկին՝ 26-ամյա Յուրի Նիկոլաևին հայտնաբերել են գետնին ընկած: Ըստ տեղեկությունների, վերջիններս եղել են հարբած վիճակում: Յուրի Նիկոլաևին տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն՝ մարմնական վնասվածքներով: Ի դեպ, հիվանդանոցից ևս փաստեցին, որ նա եղել է խմած: Ինչպես կայքին տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, վերջինիս հիվանդանոց են տեղափոխել փակ գանգուղեղային վնասվածքով, մաղոսկրի կոտրվածքով (գանգի հիմ, առաջնային գանգափոս), գլխուղեղի սալջարդով, թեթև աստիճանի աջ վերին կոպի սալջարդով, արյան զեղումով: Դեպքի մասնակից ջոկի հրամանատարները ոստիկանությունում բացատրություն են տվել: Ըստ կայքի տեղեկությունների` Գյումրու «Մուշ» թաղամասի շենքերից մեկում ռազմաբազայի ջոկի հրամանատարները նստել, միասին կերուխումի են մասնակցել, հետո որոշել են շարունակել կերուխումը մեկ այլ վայրում: Դուրս գալով շենքի բակ՝ սկսել են տարբերակներ քննարկել՝ ուր գնալ, ամեն մեկը մի տեղ է ուզել, վերջիններիս միջև անհամաձայնություն է սկսվել, որն էլ վերածվել է ծեծկռտուքի: Նրանից մեկը՝ Գիզատուալևը խփել է Յուրի Նիկոլաևին: Նրան գետնի վրա հայտնաբերած ոստիկանները տեսել են, որ արյունահոսում է, շտապօգնություն են կանչել՝ նրան տեղափոխել Գյումրի բժշկական կենտրոն:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում


