▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուս լրագրողներն ինձ հարցնում են՝ ինչու ենք Լազարևին 2 միավոր տվել. Հայկո

Armtimes.com-ը գրում է, որ զրույցել է Հայաստանի ազգային ժյուրիի նախագահ երգիչ, երգահան Հայկոյի հետ: Ազգային ժյուրիի կազմում են եղել նաև Էրիկը, պրոդյուսեր Նաիրա Գյուրջինյանը, DJ Dale-ը (Վարդան Բաբայան) և հագուստի մոդելավորող Արեւիկ Սիմոնյանը։

-Հայկ, ի՞նչ կարծիքի եք Իվետայի զբաղեցրած հորիզոնականի մասին:

-Կարծում եմ՝ նա հանգիստ կարող էր առաջին տեղը զբաղեցնել, բայց քանի որ այս տարի օրենքները փոխվել են, «Եվրատեսիլի» համար էլ են շատ բաներ նորություն, մեզ համար էլ, եւ մի տեսակ ուրիշ կերպ ստացվեց, բայց կարեւորը նրա ելույթը շատ լավն էր: Նորից եմ կրկնում՝ նա արժանի էր առաջին տեղին:

-Ուշագրավ է այդ միավորների պահը. այս տարվա քվեարկությունը նման չէր նախորդ տարիներին. մենք բարձր միավորներ չտվեցինք նրանց, ում ավանդաբար տալիս էինք, միաժամանակ բարձր միավորներ ստացանք անսպասելի երկրներից, օրինակ, Իսպանիայից 12 միավորը զարմանալի էր:

-Հենց դրա մասին եմ խոսում: Շատ-շատ երկրներ նաեւ բողոքի նոտաներ են ներկայացնում, ասեմ ավելին, երեկ Մոսկվայից շատ լրագրողներ հենց ինձ էին զանգել, եւ հարցնում էին, թե ինչու Հայաստանի ժյուրին 12 միավոր չտվեց իրենց:

-Եվ ինչու՞ չտվեցինք:

-Գիտե՞ք, նույն ժյուրին էմոցիաներ ունի, ու ճաշակի խնդիր կա, ու այդ պահին հնարավոր է՝ ինչ-որ մի երգ կամ երգիչ իրեն դուր է գալիս ու նրա օգտին է քվեարկում: Երեւի թե պետք է նաեւ կոտրել այն կարծրատիպերը, որոնք միշտ եղել են, որ, օրինակ, Բելառուսը Ռուսաստանին է տալիս, Ռուսաստանը չգիտեմ՝ ում, մենք... միշտ ստաբիլ նույն կերպ ենք քվեարկում, դա մի քիչ անգամ պրիմիտիվ է դառնում: Երեւի թե ճիշտն այն է, որ մարդիկ իրենց ճաշակով քվերակեն:  

-Ուրիշ ի՞նչ հարցեր են ռուս լրագրողները տվել:

-Նրանք ավելի շատ տանում էին դեպի այն կողմ, որ Հայաստանը Ռուսաստանի դեմ ինչ-որ պրիտենզիաներ ունի Ղարաբաղի հետ կապված, Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված... Ամեն դեպքում, ես քաղաքական գործիչ չեմ, ես երաժիշտ եմ, եւ «Եվրատեսիլն» էլ այն մրցույթը չէ, որ կարելի է նման լուրջ հարցերը խառնել դրա հետ:

-Մեր անցած զրույցի ժամանակ ասացիք, որ Հայաստանի ժյուրին էլ է շատ բան հասկացել ու այնպես է աշխատում, որ մեր մասնակցին վնաս չտա: Այս 2 միավորը մտնու՞մ է այդ տրամաբանության մեջ:

-Մենք իրոք աշխատել ենք այնպես անել, որ նաեւ մեր իմիջը չընկնի, մեր երգչի համար ամեն ինչ լավ լինի: Բաներ կան, որ չեմ կարող ասել, որովհետեւ ժյուրիի աշխատանքի հետ կապված կան բաներ, որոնք կոնֆիդենցիալ են, բայց միանշանակ կարող եմ ասել, որ Ֆրանսիան եւ Ֆրանսիայի ելույթը, որին 12 միավոր ենք տվել, արժանի էր դրան: Նա մեզ համար ամենափայլուն արտիստն էր: Եթե նա հաղթեր «Եվրատեսիլում», ոչ ոք չէր զարմանա, հակառակը՝ բոլորը կուրախանային, որովհետեւ պոզիտիվ երգ, շոուի մեջ մինիմալիզմ, դրական լիցքեր, լավ երգ, լավ արտիստ....

-Իսկ հաղթողի մասին ի՞նչ կասեք:

-Չեմ կարող ասել, որ այդ երգն ինձ դուր է գալիս, բայց համենայնդեպս որպես երաժիշտ գնահատում եմ նրան: Երբ «Եվրատեսլի» ընթացքում քննարկում էինք, քվերակում էինք, ես միշտ ասում էի՝ այս աղջիկն ամենաօրիգինալն է: Նա ամենաշատ հիշվողն է, ու ուրիշ տեսակ է, նա կարծես վայրի ծաղիկ լիներ այդ ամբողջ դաշտի մեջ, եւ ես մտովի հասկանում էի, որ նա օրիգինալ արտիստ է եւ կարող է շատ բարձր տեղեր գրավել: Եվ հաղթեց: Ես շատ ուրախ եմ, որովհետեւ վերջիվերջո Ջամալան արժանի արտիստ է: Ասեմ, որ ես նրան շատ սիրել էի «Նոր ալիքի» ժամանակ, երբ նա «Smile» երգը կատարեց: Ինձ համար ամենաօրիգինալ ելույթն էր «Նոր ալիքում»: Եվ այստեղ էլ՝ «Եվրատեսիլում», նա մի այլ կերպ ցույց տվեց եւ դրսեւորեց իրեն: Իհարկե, վերջիվերջո բացահայտվեց, որ մի քիչ քաղաքական մոտիվներ կար նրա երգի մեջ, այդ 1944 թվականի մեջ....  բայց դա մի կողմ դրած՝ նա որպես արտիստ շատ լավ էր ու արժանի էր հաղաթանակի:

-Բայց նա հաղթեց օրիգինալությա՞ն շնորհիվ, թե քաղաքական մոտիվներից ելնելով, որովհետեւ սա, կարծես, քայլ էր ընդդեմ Ռուսաստանի:

-Ես չեմ ուզում նման գնահատականներ տալ, ես քաղաքականության մեջ չէի ուզենա խառնվել: Կասեմ, որ նա հաղթեց օրինգինալությամբ:

-Երգն էլ էր քաղաքական:

-Ես գիտեմ, որ երգը նաեւ ֆիլմի սաունդթրեք է: Ամենահետաքրքիրն այն է, որ այդ ամենը միայն վերջում բացահայտվեց, որովհետեւ երբ իրեն հարցնում էին՝ ինչի մասին է, ինչու 1944, ասում էր, որ դա իր անձնական պատմությունն է, բայց հետո պարզվեց, որ իր տատիկը, թե պապիկը եղել են այն թեժ ժամանակ, երբ կռիվներ, թե ինչ-որ նման դեպքեր են եղել.... հասկանալի էր, որ այդ ամենն ուղղված էր Ռուսաստանի հետ կոնֆլիկտին, ու անգամ միավորները հայտարարելու այդ վերջին պահն ինձ համար մի քիչ զավեշտալի ու զարմանալի էր, որ Ռուսաստանի հետ ընկավ Ուկրաինան, ու հաղթեց Ուկրաինան: Բայց ի՞նչ ասեմ, «Եվրատեսիլն» էլ ունի իր կանոնները, իր աշխատելու ձեւը:

-Մեր դեպքում, երբ Իվետան Արցախի դրոշը բարձրացրեց, դա դիտարկվեց որպես քաղաքական քայլ, եւ նկատողություն տվեցին Հանրային հեռուստաընկերությանը, բայց հաղթեց քաղաքական ենթատեքստ ունեցող երգը:

-Շատ մեծ քաղաքական ակցիա էր տեղի ունենում, եւ բոլորը լռեցին դրա մասին: Իհարկե, շատ բաներ կան, որոնց հետ մենք էլ համաձայն չենք, ես անգամ ռուս լրագրողի հետ էլ խոսելիս ասացի, որ այնպես չէ, որ մենք Լազարեւին չենք սիրում կամ Ռուսաստանի դեմ ինչ-որ բաներ ունենք: Այդ պահին մենք համարել ենք, որ Ֆրանսիայի երգիչն է շատ լավը, ճաշակովը եւ արժանին: Դրա համար էլ Հայաստանի ժյուրին 12 միավորը տվեց Ֆրանսիային, բայց տարբեր են եղել ժյուրիի կարծիքները:

-Ինչպե՞ս կգնահատեք 17-րդ տեղը զբաղեցրած Ադրբեջանի ելույթը:

-Ադրբեջանը ստացավ իր արժանի տեղը, որովհետեւ շատ թույլ երգ էր, թույլ մասնակից: Ես մի անգամ առիթ ունեցա Մոսկվայում մի երաժշտի հետ շփվելու: Նա էլ ասում էր, որ ադրբեջանցիները լավ ռեստորանային երաժշտություն են նվագում, դա նրանց մոտ շատ լավ է ստացվում, այդ կլկլոցները եւ այլն, բայց ինչ վերաբերում է «Եվրատեսիլին», նրանք սկզբում մասնակցեցին, տեսան, որ իրենց մոտ լավ չի ստացվում, սկսեցին դիմել արտասահմանյան կոմպոզիտորների: Իրենց վերջին մի քանի տարվա երգերը գրում են լրիվ օտարերկրյա կոմպոզիտորներ: Եթե չեմ սխալվում, իրենց այս վերջին ելույթը շվեդ կոմպոզիտոր էր գրել: Այսինքն՝ նրանք այդ գործում չկան, նրանք լավ են կլկլոցների գործում: Ասեմ ավելին՝ Ադրբեջանը մեր շնորհիվ է, որ մասնակցում է «Եվրատեսիլին», որովհետեւ երբ Հայաստանն առաջին անգամ մտավ եվրատեսիլյան ընտանիք, Ադրբեջանն էլ, Վրաստանն էլ բողոքեցին՝ ինչու իրենք չկան, եւ իրենք էլ սկսեցին մասնակցել: Այնպես որ Հայաստանի շնորհիվ է, որ նրանք եկան «Եվրատեսիլ»:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее