Երեկ` հուլիսի 16-ին, Ծաղկաձորում տեղի ունեցավ Հայաստանի պատանեկան նմաճումներ կազմակերպության կողմից կազմակերպված և VivaCell-MTS ընկերության կողմից ներկայացված բիզնես-առաջադրանք մրցույթը: Մրցույթի գլխավոր հերոսները երեխաներն էին` թվով 110 աշակերտներ, ովքեր հավաքվել էին Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից: Մինչ մրցույթը VivaCell-MTS ընկերության ներկայացուցիչ-կամավորները ճամբարականներին ներկայացրել էին բիզնես-առաջադրանք, որն էր` կանխավճարային բաժանորդներին առաջարկել ձայնային և տվյալների փոխանցման նոր ծառայություններ: Մրցույթում ներգրավված էին 10 ջոկատներ, որոնցից երեք լավագույններից էլ երկրորդ փուլում ընտրվեց հաղթող ջոկատը: Երկրորդ փուլում երեխաները մրցույթի ժյուրիի անդամներին, որոնք էին VivaCell-MTS ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության գործադիր տնօրեն, «Օրրան» բարեգործական կենտրոնի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը, ցույց տվեցին մանրապատումներ` այդ կերպ ներկայացնելով իրենց առաջարկները` կապված կանխավճարային բաժանորդներին ձայնային և տվյալների փոխանցման նոր ծառայությունների հետ: Արդյունքում, երկրարատև քննարկումից և վերլուծումից հետո մրցույթի հաղթող ճանաչվեց 8-րդ ջոկատը, որն առաջարկել էր հետևյալ ծառայությունը` «Junior -18» փաթեթ, որը նախատեսված կլինի այն քաղաքացիների համար, որոնց 18 տարին դեռ չի լրացել, այսինքն` երեխաների համար:
Ըստ 8-րդ ջոկատի երեխաների հնարամիտ մտքերի` փաթեթն իրենից պետք է ներկայացներ մի համակարգ, որի շնորհիվ փաթեթի ներսում հնարավորություն կլիներ խոսել մեկ դրամ րոպե սակագնով: Դրա հետ մեկտեղ, երեխաներն առաջարկեցին մի ծառայություն, որի շնորհիվ տվյալ ծառայությունից օգտվողները կկարողանային իրենց նախընտրած երկու համարի հետ խոսել 500 դրամ բացասական հաշվեկշռով, ինչը հնարավորություն կտար անգամ 0 դրամ հաշվեկշռի դեպքում 500 դրամի սահմաններում խոսել տվյալ երկու համարների հետ:
Նշենք, որ ժյուրիի կազմի անդամների հավանությանն արժանացած երեխաները և նրանց ուսուցչուհին վերջում մրցանակներ ստացան Ռալֆ Յիրիկյանի կողմից`սմարթֆոն հեռախոսներ, ինչպես նաև նրանք հրավեր ստացան ընթրել VivaCell-MTS ընկերությունում.
«Այս ընթրիքի նպատակն այն է, որ մենք երեխաներին էլ ավելի խրախուսենք, քանի որ իրենք հաղթող են ճանաչվել: Բացի այն մրցանակից, որոնք նրանք ստացան, իրենք հրավիրվեցին VivaCell-MTS, որպեսզի հենց ներսից ուսումնասիրեն և տեսնեն, թե ինչպիսին է մեր ընկերությունը: Մենք նրանց տարբեր աշխատանքային միջավայրեր ցույց կտանք, իսկ արդեն կեսօրին իրենց հետ բոլորս միասին կնստենք սեղանի շուրջ և կճաշենք. այդտեղ չի լինի գլխավոր տնօրեն կամ վարչության պետ, մենք բոլորս հավասար կլինենք: Սա առիթ է, որ մենք երեխաներին ցույց տանք, որ նորմալ աշխատող բիզնես մշակույթում բոլորս հավասար ենք»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց VivaCell-MTS ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Նշենք, որ բացի հաղթող ջոկատին որոշելուց և մրցանակներ հանձնելուց, պարոն Յիրիկյանը ներկա երեխաներին ծանոթացրեց և բացատրեց բիզնես մշակույթի, դրա նպատակների, տեխնոլոգիաների կիրառման և դրական կողմերի մասին` փորձելով էլ ավելի հարստացնել կիրառական տնտեսագիտությանը վերաբերող այն գիտելիքները, որոնք ճամբարականները ստացել էին ողջ տարվա ընթացքում:
«Ցանկացած բան, որ ուզում եք վերլուծել, ուսումնասիրել և առաջարկել, համարեք, որ բիզնեսը ձերն է և գիտակցեք, թե այդ բիզնես մտածելակերպով ինչպես անեք, որպեսքի կարողանաք դրանից օգտվել, ինչպես անեք, որ դրանից կորուստ չունենաք, ինչպես անեք, որ դրանով շուկա դուրս գաք և, վերջապես, ինչ անեք, որ դրանով դուք կարողանաք ձեր ընկերությունը և ձեր աշխատակիցներին ինչպես որ հարկն է պահպանեք և առաջ տանեք»,- նշեց Ռալֆ Յիրիկյանը:
Ինչ վերաբերում է երկրորդ փուլ անցած մյուս երկու` 6-րդ և 9-րդ ջոկատներին, ապա նշենք, որ նրանք ևս ունեցան իրենց խրախուսական մրցանակը: VivaCell-MTS ընկերությունը ջոկատների երեխաներին հնարավորություն տվեց մեկ ամիս անվճար օգտվել Bit ամսական ծառայությունից:
Մրցույթի վերջում Asekose.am-ը զրուցեց նաև Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության գործադիր տնօրեն, «Օրրան» բարեգործական կենտրոնի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանի հետ, ով, կիսվելով իր տպավորությունների մասին, նշեց.
«Սա արդեն 22-րդ տարին է, ինչ պատանեկան նվաճումները կազմակեպում է այսպիսի ճամբար, որն ավելի հարում է կրթությանը: Պետք է նշեմ, որ սկզբնական շրջանում մենք, կարելի է ասել, որ գիշերները չէինք քնում, քանի որ երեխաները սիրում էին չարաճճիություններ անել, իսկ այսօրվա սերունդն իր նախապատվությունը տալիս է մտավոր խաղերին, ինչը շատ ողջունելի է»,- ասաց Արմինե Հովհաննիսյանը:
Այն հարցին, թե որքան ժամանակում են այս տարվա ջոկատի երեխաները նախապատրաստվել մրցույթին, Արմինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ երեխաները միմյանց հետ ծանոթացել են ընդամենը օրեր առաջ և շատ կարճ ժամանակահատվածում` 3 օրում, կարողացել են հասնել այն արդյունքին, որը որ նրանք ներկայացրեցին հավաքվածների առջև.
«Երեխաները շատ քրտնաջան աշխատանք են տարել, որպեսզի պատրաստվեն այս բիզնես-առաջադրանքին: Ինձ համար հետաքրքիր էր ոչ միայն այն մտքերը, որոնք որ նրանց մոտ ծագել էր, այլ այն` թե ինչպես էին նրանք այդ ամենը հրամցնում: Պետք է փաստեմ, որ ճամբարականներն այս տարի շատ ավելի ազատ էին, ուրախ և նաև նրանք գիտակցում էին, որ հենց իրենք են այս միջոցառման տերերը, քանի որ այս ամենի մեջ մեծահասակները շատ մեծ դեր չունեին: Իրենք էին ընտրել իրենց նախագահներին, վարչապետին և տարբեր նախարարներին: Իսկապես, այսօր մենք` մեծահասականերս, հետ ենք մնում իրենցից, որովհետև երեխաները տարբեր տերմիններ էին օգտագործում, որոնց մասին անձամբ ես տեղյակ չէի: Մի խոսքով, կարելի է ասել, որ նրանք համացանցային սերունդ են` խելացի, համառ և ինքնավստահ»,- եզրափակեց Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը:
Հեղինակ` Սաթենիկ Խաչատրյան
72157653662199683