armtimes.com-ը գրում է. «Ժառանգություն» կուսակցության նախագահ, «ՕՐՕ» դաշինքի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը հունիսի 5-ին հայտարարել էր, որ ցանկանում է համագործակցել խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ, քանի որ համագործակցության լայն շրջանակը հնարավորություն կտա ավելի էֆեկտիվ ազդել իշխանության վրա:
«Ծառուկյան» դաշինքի հետ համագործակցելու վերաբերյալ Րաֆֆի Հովհաննիսյանը նշել էր, որ հույս ունի մինչև աշուն շոշափելի արդյունքների հասնել: «Որպեսզի հնարավորությունը մեզ նորից այցելի, երբ էլ դա լինի՝ հերթական կամ արտահերթ, մենք պատրաստ լինենք դիմակայել կամ մրցունակ լինել իշխանության լծակների, փողի և տարբեր տեսակի ազդեցությունների հետ»,- ասել է նա՝ կապելով սա ընդդիմադիր ճակատ ունենալու անհրաժեշտության հետ:
ԲՀԿ ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյանն «Ազատության» զրույցում ասել է, թե չի կարծում, որ «Ծառուկյան» դաշինքը կհամագործակցի Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: «Մեր օրակարգում այլ քաղաքական ուժերի հետ միավորվելու կամ այլ քաղաքական ուժերի մեջ տարրալուծվելու խնդիր չկա: Մենք ունենք մեր հստակ օրակարգը»,- պատասխանել է նա:
«Ելք» դաշինքի պատգամավոր Լենա Նազարյանը «Ազատության» զրույցում այս առիթով նշել էր, որ նման առաջարկ ընդհանրապես չի արվել, ուստի իրենց դաշինքում ոչ մի քննարկում այս թեմայով չի եղել:
Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն էլ նշել է, որ որևէ կոնկրետ առաջարկ կամ ծրագիր չի ներկայացվել «ՕՐՕ» դաշինքից, ուստի հստակ ոչինչ ասել հնարավոր չէ, իրենց կուսակցությում էլ որևէ բան չի խոսվել այս թեմայի շուրջ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


