Life.panorama.am-ը գրում է.
«Չեմ կարող ասել ինչքան, բայց արդեն երկար ժամանակ կա մի բան, որ ամուր բետոնի պես կանգնել է կոկորդիս, ուզում եմ հազալ, գոռալ բարձր, բայց երազների նման ձայնս կոկորդիցս դուրս չի գալիս: Թուլանում եմ, փորձում եմ ելք գտնել: Արցունքներս ավելանում են օր-օրի: Ինքս ինձ համոզում եմ, որ դրանք երջանկության արցունքներ են, բայց չեն կարող այդքան երկար լինել արցունքներս հենց երջանկության համար… հիմա, երբ նորից մենակ եմ իմ երազների հետ ու իմ աշխարհի մեջ, կարող եմ բարձրաձայնել…….. հաաաաաա, ես կարոտել եմ քեզ…»:
Երեկ դերասան Ռաֆայել Երանոսյանը իր ֆեյսբուքյան էջում կատարել էր ահա այս գրառումը, ինչը շատերին՝ հատկապես դերասանի երկրպագուներին, մտածելու եւ անհանգստանալու առիթ տվեց, քանի որ գրառման բովանդակությունից հասկանալի է դառնում, որ դերասանին ինչ-որ մի բան չափից շատ է հուզել:
«Եթե որեւէ բան գրառում եմ իմ էջում, դա ինչ-որ մեկին չի մատնանշվում, եթե, իհարկե, խոսքն իմ մամայի մասին չէ: Այս գրառման հիմքում ներսումս կուտակված անասելի կարոտն էր, ես անչափ կարոտել եմ մանկությունս, ընկերներիս, հիշողություններս, այն մեկին, ում ես փնտրում եմ ու ուզում եմ ասել, որ ես սիրում եմ, մորս, ով ինձ հետ չէ այլեւս, հորս, ով տանը հիմա սպասում է ինձ…ամեն ինչի նկատմամբ կարոտ եմ զգում, որը մի տեսակ կոկորդիս է կանգնել: Եվ երեկ էլ այս զգացողություններից դրդված չգիտեի ում հետ կիսվել եւ որոշեցի կիսվել հենց համացանցում՝ բոլորի հետ: Այնպես որ սա ինչ-որ մեկին մատնանշված չէր, այս գրառման մեջ բոլորը կային»:
Մեր այն նկատառմանը, որ դերասանը կարծես տխուր է, Ռաֆայել Երանոսյանը նկատեց. «Մեջս կարոտ կա անգամ ապագայի եւ ներկայի նկատմամաբ, սա զգացողություն է, որը հիմա մի փոքր տանջում է ինձ, բայց հուսամ կհաղթահարեմ: Այս հոգեվիճակս ոչ թե տխրություն է, այլ մի վիճակ, որը բառերով նկարագրել չեմ կարողանում: Հիմա կարծես ես մենակ լինեմ ինքս ինձ հետ, պետք է պայքարեմ ինքս իմ հետ, ոչ մեկին ոչ պետք է պատմեմ, ոչ պետք է օգնություն խնդրեմ, ես ինքս պետք է պայքարեմ, այս իմաստով մի տեսակ տխրություն կա, բայց ես տխուր չեմ, ես ուրախ եմ, Փառք Աստծո, գործերս շատ լավ են, ես ապրում եմ շատ լավ երկրում, որտեղ ապրում են իմ ընկերները, իմ հարազատները, իմ աշխատանքը, այստեղ ես կայացել եմ: Ես չեմ կարող այս երկիրը չսիրել, չեմ կարող թողնել ու գնալ, չէ որ այս երկիրը նաեւ իմ հոր երկիրն է, իմ մայրն է այստեղ թաղված, ես սիրում եմ իմ երկիրը: Իրականում ես շատ ուրախ մարդ եմ, այսօրվա վիճակս ուղղակի ներսումս կուտակված ինչ-որ երեւույթ է, որը կարող է բոլորի հետ լինել, արդյունքում սկսում ես ինքդ քեզ հետ կռիվ անել, պայքարել ինքդ քո դեմ ու գտնել ճիշտ եւ հեշտ լուծումներ, այնպես որ ամեն ինչ շատ լավ է, ես շատ ուրախ եմ, որովհետեւ այսօր արթնացել եմ եւ սիրում եմ աշունը»:
Իսկ հարցին, թե արդյոք Ռաֆայել Երանոսյանը դեռ չի գտել նրան, ում կասի սպասված՝ «Ես սիրում եմ քեզ» խոսքերը, դերասանը նշեց. «Այդ մեկը, երբ լինի իմ կյանքում, ես կկիսվեմ բոլորի հետ, հիմա դեռ կարոտում եմ նրան, ով ապագայում պետք է լինի իմ կինը»:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում