▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քրիստոնյայի կյանքը միայն սաղմոս կարդալով չի կայանում»․ Տեր Վրթանես Բաղալյան

Բյուրականի հոգևոր սպասավոր Տեր Վրթանես քահանա Բաղալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բավարա՞ր է սաղմոսներ և Ավետարան կարդալը Եկեղեցու անդամ լինելու համար։
Շատերը մտածում են, թե եթե տանը սաղմոսներ ու Ավետարան են կարդում, դրանով արդեն դառնում են լիիրավ Եկեղեցու անդամ։ Բայց իրականում դա դեռևս բավարար պայման չէ։ Քրիստոնյայի կյանքը միայն սաղմոս կարդալով չի կայանում, այլ՝ կենդանի և մշտական կապի մեջ լինելուն քո թեմի առաջնորդ եպիսկոպոսի և համայնքի քահանայի հետ, մասնակցելուն Սուրբ Պատարագներին և Եկեղեցու խորհուրդներին, ապրելուն եկեղեցական կանոնների համաձայն։
Եկեղեցին Քրիստոսի կենդանի Մարմինն է (Ա Կորնթ. 12:27), և նրան անդամակցել նշանակում է՝ ապրել այդ Մարմնի շնչով՝ հաղորդությամբ, խոստովանությամբ, պահեցողությամբ, աղոթքով ու սիրո գործերով։ Ով կամովին իրեն անջատում է այս կենդանի հաղորդությունից՝ նա, թեկուզ և մոլեռանդ սաղմոսասեր լինի, Եկեղեցու իրական անդամ չէ։ Քրիստոս մեզ միմիայն ընթերցողներ չէ, որ կանչեց, այլ աշակերտներ, գործեր գործողներ, հավատքը մարմնացնողներ։
Միայն աղոթելը՝ առանց կենդանի ներկայության Սուրբ Պատարագին և հաղորդության, նման է ծառի, որ տերև ունի, բայց պտուղ չունի (Մատթ. 21:19)։ Սուրբ Հովհաննես ավետարանիչը հիշեցնում է. «Ով ուտում է Իմ Մարմինը և խմում Իմ Արյունը, նա է, որ ունի հավիտենական կյանք» (Հովհ. 6:54)։ Այսինքն՝ առանց հաղորդության չկա Քրիստոսի հետ լիարժեք միություն։
Եկեղեցական կյանքը միշտ համայնքային կյանք է։ Քրիստոս չհաստատեց միայն հոգևոր ընթերցողներ, այլ հոտ՝ հովիվով, կապով, կարգով ու կանոնով։ «Ով լսում է ձեզ՝ Ինձ է լսում. և ով մերժում է ձեզ՝ Ինձ է մերժում» (Ղուկ. 10:16), ասում է Տերը՝ նկատի ունենալով առաքյալներին և նրանց իրավահաջորդներին՝ եպիսկոպոսներին և քահանաներին։ Ուստի՝ առանց քահանայի և եպիսկոպոսի չի կարող լինել լիարժեք քրիստոնյա կյանք։
Սուրբ Իգնատիոս Աստվածակիրն ասում է.
«Ով առանց եպիսկոպոսի որևէ բան է անում՝ նա արդեն բաժանվում է Քրիստոսից»։
Այս խոսքերը մինչ այսօր են հնչում՝ որպես ահազանգ այն հավատացյալներին, ովքեր իրենց հեռացնում են եկեղեցական կենդանի հաղորդակցությունից։
Քրիստոնյան պետք է ոչ միայն կարդա, այլ ապրի այն, ինչ կարդում է։ Սաղմոսները և Ավետարանը սերմ են, բայց առանց հոգևոր մշակության՝ այդ սերմը չի բերում պտուղ։ Իսկ հոգևոր մշակությունն է՝ կենդանի կապը Եկեղեցու հետ, մասնակցությունը խորհուրդներին, հնազանդությունը հովվին և գործնական հավատը։
Միայն այս ճանապարհով է հնարավոր լինել Եկեղեցու իրական, կենդանի և փրկագործող անդամ»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее