Քո երկրում հարգված լինելն ուրիշ զգացողություն է. Գնել Սարգսյան
Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է դերասան Գնել Սարգսյանը, ով արդեն մի քանի տարի է, ինչ բնակվում է Ռուսաստանի Ռոստով քաղաքում:
Արդեն բավական երկար ժանանակ է, ինչ համալրել եք մեր սփյուռքի դերասանների շարքը: Հետաքրքիր է հարմարվե՞լ եք այդ մտքի հետ, ինչպիսի՞ն են զգացողությունները այդ տեսանկյունից:
- Հիմա ընտանիքիս հետ բնակվում եմ Ռուսաստանի Ռոստով քաղաքում եւ այստեղ այնքան էլ օտար չեմ համարում ինձ, այստեղ շատ հայեր կան, իսկ եթե նայենք Ռոստով քաղաքի 300-ամյա պատմությանը՝ կհասկանանք, որ այս քաղաքը հիմնել են հայերը: Բացի այդ, քանի որ այստեղ դերասանական ծավալուն գործունեություն չեմ ծավալել, մանավանդ ռուս հանրության համար, ուստի «սփյուռքահայ դերասան» որակումն ինձ համար խորթ է հնչում: Իհարկե, շատ կցանկանյաի, որ ինչ-որ պլանավորում եմ, կամ ինչ-որ ցանկանում եմ, այդպես էլ ընթանար, որպեսզի իմ՝ Աստծո տված շնորքը կարողանայի ի ցույց դնել եւ ինչ-որ կերպ ռուս հանդիսատեսի ուշադությունը գրավել, թեկուզ միայն այն բանի համար, որ նրանք եւս մեկ անգամ համոզվեին, որ հայերը մշակութային մարդիկ են: Բայց եթե չստացվի, միեւնույն է, իմ ուշքն ու միտքը այդտեղ է, որովհետեւ շատ եմ կարոտում եւ նկարահանման պրոցեսներին, եւ լույսերին, եւ իմ կոլեգաներից շատերին:
Գիտեմ, որ այդտեղ «Եկեղեցիասեր երիտասարդ միության» բացման համար մեծ գործ եք արել, նաեւ փորձում եք Ձեր մասնագիտական ունակությունները ցույց տալ հայրենիքից հեռու, մի փոքր կպատմեք այդտեղ ծավալվող Ձեր գործունեությունների մասին:
- Այո, Փառք Աստծու այդ «Եկեղեցիասեր երիտասարդ միությունը» արդեն ստեղծված է: Իմ ժամանակը ինձ այնքան էլ թույլ չի տալիս մշտապես այնտեղ գտնվել, բայց միեւնույն է, կարեւորը այն է, որ այն արդեն կա եւ ինչպես սկզբում, այնպես էլ հիմա այդ գործում հիմնական ներուժը դրած մարդը Սուրբ Հովհաննես Եկեղեցու քահանա Տեր Տիրանն է, ով հրաշալի կարողանում է վերահսկել, որ այդ միությունը հնարավորինս արդյունավետ գործի հայ հանրության համար: Հետո ստեղծեցինք նաեւ հայ ազգային թատրոնը, որտեղ փորձելով ներգրավել տեղի եւ երիտասարդներին եւ ավելի ավագներին՝ ներկայացումներ ենք բեմադրում հայերեն լեզվով: Առաջին արդյունքներն արդեն կան, բայց ներկայիս տնտեսական վիճակից ելնելով՝ հովանավորների միջամտության կարիքն ունենք: Այստեղ դասերն անցկացվում են բոլորովին անվճար, իսկ ներկայացումներ պատրաստելու համար, իհարկե, գումարներ են հարկավոր: Գումարային դժվարություններ կան, բայց ինձ թվում է կհարթվեն, իսկ հանդիսատեսի պակաս, կարծում եմ, չենք ունենա, քանի որ այս քաղաքում արդեն շատ հայեր են տեղյակ այս թատրոնի մասին, ովքեր անգամ, ի ուրախություն բոլորիս, մի փոքր շտապեցնում են մեզ: Բացի այդ, այստեղ կան ռուսական մասնավոր թատրոններ, որոնք հետաքրքրված են ինձնով: Ռուսական թատրոններում սկզբնական շրջանում բարդություններ կային՝ կապված լեզվական խնդիրենրի եւ ճանաչողության հետ, հատկապես, որ այստեղ խիստ կրճատումներ են գնում: Բայց հիմա, երբ արդեն մի քանի անգամ հասցրել եմ ինձ «ցույց տալ» առավել հետաքրքրված են ինձնով, անգամ Նովոշախտնիսկ քաղաքի թատրոնից հրավեր ստացա, բայց հեռավորությունից ելնելով ստիպված մերժեցի: Այստեղ եղավ նաեւ մի ներկայացում, որի պիեսը սցենարիստը հենց իմ վրա էր կառուցել, բայց այդ ներկայացումը չհասցրեցինք շատ խաղալ՝ հավանաբար աշնանը կշարունակենք: Մի խոսքով՝ փոքրիկ, բյաց հաստատուն քայլեր կան, մնացածը ապագան ցույց կտա:
Հետաքրքիր է նաեւ, թե բացի դերասանությունից այլ գործերով եւս զբաղվո՞ւմ եք, քանի որ արտերկիր մեկնած մեր դերասաններից շատերն են ասում, որ ստիպված են լինում զբաղվել կողմնակի աշխատանքներով:
- Իհարկե, զբաղվում եմ, ինչքանով դա հնարավոր է: Ավելին ասեմ՝ ես Հայաստանում էլ միշտ էլ զուգահեռ այլ գործերով եմ զբաղվել ու թե այստեղ, թե այդտեղ դրա մեջ վատ չեմ տեսել, ընդհակառակը, այն օգնում է ցրել միապաղաղությունը, օգնում է նաեւ գումար վաստակել, ուրիշ նպատակներ կյանքի կոչել: Իմ կարծիքով, արվեստի հետ կապ ունեցող մարդիկ հաճախ պետք է այլ գործերով զբաղվեն, որպեսզի տարբեր մարդկանց հետ շփվելուց նորանոր կերպարներ հավաքագրեն իրենց մեջ:
Գնել, «Անծանոթը» սերիալը հիմա կրկին հեռուստաէկրաններին է, այսինքն՝ մարդիկ կրկին տեսնում են Ձեզ, իսկ դուք կարոտե՞լ եք հայաստանաբնակ հանդիսատեսին:
- Անկեղծ ասած, ես չգիտեի, որ հիմա «Անծանոթ»-ը կրկնում են: Իհարկե, անչափ կարոտում եմ եւ Հայաստանը, եւ ժողովրդին, անգամ նրանց, ովքեր իբր սերիալ չէին դիտում: Իսկապես բոլորին եմ շատ կարոտել, անգամ փոստի աշխատողներին, ովքեր խնամքով ինձ ուղղված նամակները մի կողմ էին դնում, կապվում էին ինձ հետ, ես էլ փորձում էի նկարահանումների ընթացքում հասցնել, որպեսզի վերցնեմ դրանք՝ պարադիր մի փոքր իրենց հետ շփվելով: Կարոտել եմ անգամ ճանապարհային ոստիկաններին, երբ հոգնած պատահաբար կարող էի խախտում անել, բայց նրանք կանգնեցնելուց հետո սիրալիր ասում էին, որ զգույշ լինեմ եւ բարի ճանապարհ մաղթում: Քո երկրում հարգված լինելը ուրիշ զգացողություն է: Հաճույքով կրկին կնկարահանվեի Հայաստանում, չնայած չգիտեմ, հիմա այդտեղ ինչ վիճակ է, կան նոր ծրագրեր, թե ոչ: Ամեն դեպքում, եթե հիմա լինի լուրջ առաջարկ, կհամաձայնվեմ գալ ու այդտեղ նկարահանվել:
Հայապահպանության խնդիրը շատ եք կարեւորում, հետաքրքիր է՝ որքանով եք կարողանում որդու դաստիրակության մեջ պահպանել հայկականը եւ չթողնել, որ օտար մենտալիտետները մուտք գործեն նրա մեջ:
- Օ, դա ինձ համար ամենակարեւորն է, հատկապես, եթե խոսքն իմ որդու մասին է: Այո, փոքր տարիքից փորձել օտար երկրում նրա մեջ սերմանել հայեցիությունը այն դեպքում, երբ նա ամեն րոպե տեսնում է այլ բան, շատ բարդ է: Այդ թեման ինձ համար իսկապես ամենագլխավորն է, ուստի եւ ես, եւ կինս, ջանք չենք խնայում, որ նա հանկարծ օտարը չկարեւորի մեր ազգայինից, հայից ու հայկականից: Չնայած որդիս դեռ փոքր է շատ, որ այդ ամենը հասկանա, բայց մենք փորձում ենք նրա ենթագիտակցության մեջ դա թողնել:
Որքանով տեղյակ եմ, անցյալ տարի ցանկություն ունեիք, որ բոլոր հայերը 2015-ին համալրեն իրենց ընտանիքները նոր զավակով: Գուցե Ձեր ընտանիքում եւս այդ բարի լուրը կա՞:
- Այդ կոչը հիմա էլ եմ անում, անգամ ովքեր չեն հասցրել, կարող են դեռ հասցնել, գոնե նոր բալիկի հիմքը դնել այս տարի դեռ կարող են: Մենք պետք է շատանանք, հենց գոնե նրա համար, որ Թուրքիայի մերժող քաղաքական գործիչները, ովքեր ամենալավը գիտեն, թե ինչպես անվանեն այդ ոճրագործությունը եւ ծանոթ են հայտնի լոզունգին՝ «թողնել մեկ հայ, այն էլ թանգարանում», տեսնեն, որ ոչ միայն չիրականացավ իրենց երազանքը, այլ հակառակը՝ հայը կա ու դեռ կշատանա: Ես շատ եմ ափսոսում, որ մեր ընտանիքում նոր բալիկի լուրը այս տերի դեռ չկա, քանի որ մեր ընտանիքը վերջին շրջանում անընդհատ Հայաստան-Ռուսաստան ճանապարհին է, այս պահին էլ կինս եւ որդիս Հայաստանում են գտնվում, բայց ես հույս ունեմ, որ մենք դեռ երեխաներ կունենանք, եւ եթե Աստված տա դարձյալ տղա լինի, ես նրան կանվանակոչեմ մեր հերոս ֆիդայիներց մեկի անունով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet