▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քննչական կոմիտեի ղեկավարը չկարողացավ փրկել իրավիճակը. հարցերը շատացան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ակնհայտորեն փորձում է այնպես անել, որ Փարաքարի ընտրված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի եւ նրա ընկեր, ոստիկանության օպերլիազոր Կարեն Աբրահամյանի սպանությունները համարվեն վենդետա` իսպառ փակելով մյուս հնարավոր վարկածների թեման՝ մաքրելով ՔՊ-ական Ախտոյան եղբայրներին:

Երեկ Հ1-ով կազմակերված հարցազրույցի ժամանակ քաղաքականապես ուղղորդված հարցազրուցավարը խիստ պասիվ էր, մի քանի հարց հնչեցրեց, որին պատասխանելիս Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանն ընդգծեց, թե սեպտեմբերի 23-ին կատարված դաժան սպանությունը վենդետա է: Հետո` փորձեց իրեն ուղղել, թե քննությունը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ բոլոր հարցերի պատասխանները հանրությունը ստանա:

Այս առիթով անհրաժեշտ ենք համարում հրապարակավ հնչեցնել հարցեր Քննչական կոմիտեի ղեկավարին, որը նախընտրեց ոչ թե մամուլի ասուլիս անել եւ պատասխանել գոյություն ունեցող իրական հարցերին, այլ մենախոսել Հ1-ով:

Եվ այսպես, ի՞նչ ասաց Արթուր Պողոսյանը.

«Ինչպես գիտեք, 2025 թվականի փետրվարի 5-ին Մերձավան համայնքում տեղի ունեցած սպանության առիթով, երբ վարույթ նախաձեռնեցինք, վարույթը հարուցվեց ոչ միայն սպանության հատկանիշներով, այլեւ նախաձեռնվեց ապօրինի զենք, հրազեն պահելու հատկանիշներով, մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու հատկանիշներով, ինչպես նաեւ մի խումբ անձանց կողմից տարբեր անձանց մարմնական վնասվածքներ հասցնելու հատկանիշներով: Քանի որ քրեական վարույթը հանրային հնչեղություն էր ստացել, տարբեր լրատվականներ լուսաբանում էին, իմ կողմից քրեական վարույթի նախաքննությունը հանձնարարվեց Հատկապես կարեւորագույն գործերով քննության վարչությանը, եւ իմ որոշմամբ ստեղծվեց համատեղ քննչական խումբ ու նախաքննությունն իրականացվեց Կենտրոնական ապարատում:

Նշեմ, որ քրեական վարույթի շրջանակներում կատարվել է լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն, եթե նայենք ժամանակագրությունը, դեպքը տեղի է ունեցել փետրվարի 5-ին, ապրիլի վերջի դրությամբ 14 մեղադրյալների մասով մենք հաստատված մեղադրական եզրակացությամբ գործը ուղարկել ենք դատարան:

Պարզվեց նաեւ սպանություն կատարող անձի ինքնությունը, ով սկզբնական շրջանում գտնվում էր փախուստի մեջ, այնուհետեւ հայտնաբերվեց, կալանավորվեց, նրա նկատմամբ էլ գործը հունիսին ուղարկվեց դատարան:

Վեճի առարկան նախաքննությամբ հաստատվել է, որ առաջացել է ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ առաջացած վեճը, որի արդյունքում կողմերից մեկը ծեծի է ենթարկում մյուս կողմին, եւ դրանից հետո տեղի է ունենում իմ մատնանշած դեպքը, երբ հավաքվում են եւ տեղի է ունենում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանվում է Գրիգոր Օհանյանը, մեկ անձ էլ հրազենային վիրավորում է ստանում: Դարձյալ վեճի շարժառիթը իմ մատնանշած հանգամանքն է:

ՔԿ-ի կողմից ներկայացված կալանքի 13 միջնորդություններից միայն 6-ն է բավարարվել սկզբնական շրջանում, իսկ վերջում, միայն 3 անձի կալանքով է գործը դատարան ուղարկվում, հետագայում նրանց խափանման միջոցները փոխվում են:

Մենք ունեինք տվյալներ, որ կողմերի միջեւ կան լարված փոխհարաբերություններ, որը հնարավոր է ծանր հետեւանքների հանգեցնի: Արվել են համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումներ ….»:

Հարցեր Քննչական կոմիտեի ղեկավարին.

Հարց 1. Պարո՛ն Պողոսյան, ո՞ւմ միջեւ կար լարված հարաբերություն. հնչեցրե՛ք հստակ անուններ՝ ի՞նչ նկատի ունեք «կողմեր» ասելով:

Հարց 2. Ինչո՞ւ ոչ մի խոսք չասացիք ՔՊ-ական համայնքապետ Մհեր Ախտոյանի մասին, ինչո՞ւ էր նրա տան լուսամուտի տակ տեղի ունեցել փետրվարի 5-ի ծեծկռտուքը, եթե չկար իշխանական կուսակցության ներկայացուցչի մասնակցությունը որեւէ կերպով:

Հարց 3. ՀՀ վարչապետի ընտանիքին պատկանող կայքը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ այդ օրը հարձակում է եղել համայնքի ՔՊ-ական ղեկավար Մհեր Ախտոյանի տան վրա: Փետրվարի 5-ին սպանվածի եղբայրը նույն ԶԼՄ-ի հետ զրույցում ասում է, որ հարձակում էր Մհեր Ախտոյանի տան վրա, եւ իրենք չեն թողել, որ Մհերը դուրս գա: Իրենք եղբայրներով են դուրս եկել եւ տեսել զինված մարդկանց` այդ թվում եւ Վալոդյա Գրիգորյանի կրտսեր եղբորը` Պայքար Գրիգորյանին: Իսկ դուք ասում եք` ավտոմեքենան արագ վարելու թեմա էր. քննության ընթացքում տուժողի պնդումները արդյո՞ք հերքվել են:

Հարց 4. Ինչո՞ւ է սեպտեմբերի 23-ի սպանության գործով հարցաքննվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, Փարաքարի ավագանու անդամ Դավիթ Ախտոյանը, եթե նա կամ նրա՝ Հայաստանում չգտնվող եղբայրը` Մհերը, Վալոդյա Գրիգորյանի սպանության հետ առնչություն չունի:

Սպանության ենթադրյալ պատվիրատուի վարկած քննվո՞ւմ է, ո՞վ կամ ովքե՞ր կարող են դիտարկվել որպես այդպիսին. պատվիրատուի վերաբերյալ որևէ տեղ նշված չէ:

Հարց 5. Սպանությունների դեպքից հետո Ձեր հրամանով Արմավիրի մարզային քննչական վարչության պետն ազատվել է պաշտոնից: Ինչո՞ւ է նա հեռացվել, եթե Դուք հայտարարում եք, որ փետրվարի սպանությունը բացահայտելու համար նախաքննությունը հանձնարարել եք ՔԿ ՀԿԳ վարչությանը, ստեղծել եք նախաքննություն կատարող քննիչների խումբ, որոնց աշխատանքից գոհ եք, դատարաններն են մեղավոր:

Հարց 6. Արդյո՞ք Արմավիրի պետին աշխատանքից ազատելով՝ Դուք կատարել եք պոպուլիստական քայլ` ընդառաջ գնալով ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան գրառմանը, որ կլինեն հետեւություններ, ենթադրաբար նաեւ պաշտոնանկություններ. ուստի զոհաբերեցիք Արմավիրի վարչության պետին, որ ասելու բան ունենաք:

Հարց 7. Եթե փետրվարի 5-ի սպանության գործի քննչական խմբի ղեկավարից եւ կամ ՀԿԳ վարչության պետի աշխատանքից դուք այդքան գոհ եք, ի՞նչ հիմքով եք պնդում, որ վենդետա է եղել: Եթե բոլորը օրենքով իրենց հասանելիք պատիժը, ըստ Ձեզ, ստացել են, ինչո՞ւ պետք է մյուս կողմը անարդարության զգացողություն ունենար եւ վենդետա իրականացներ` սպանելով փետրվարի 5-ի սպանության հետ որեւէ առնչություն չունեցած Վալոդյա Գրիգորյանին:

Հարց 8. Եթե քննությունը տեղի է ունեցել օբյեկտիվ, բազմակողմանի, ինչու էր սպանվածի եղբայրը սպանությունից հետո Նիկոլ Փաշինյանի ընտանեկան ԶԼՄ-ին փաստացի բողոքում քննության ընթացքից, Ձեր ուշադրությունը հրավիրում տարբեր հանգամանքների վրա:

Հարց 9. Ողջ զրույցի ընթացում ո’չ լրագրողը, ո’չ Քննչական կոմիտեի ղեկավարը չխոսեցին այն մասին. իսկ գուցե սպանություն կատարողը ունեցել է ա՞յլ շարժառիթ եւ փորձել է կյանքից զրկել ոստիկանության օպերլիազորին, որը սկզբունքային, ազնիվ եւ համարձակ ոստիկան է եղել: Ավելին՝ կայքերում հրապարակումներ կային, որ նա է նախկինում խուզարկել Օհանյանների տունը, ինչը դուր չի եկել Նարեկ Օհանյանին: Այս վարկածը արդյո՞ք որեւէ կերպ քննարկվում է Քննչական կոմիտեում, թե՞ հանցանք կատարողի տված ցուցմունքը միայն բավարար է որեւէ վարկած պնդելու համար:

Հարց 10. Այդ օրը վիրավորված Արծրուն Գալստրյանի երկու որդիները անցնում են փետրվարի 5-ի սպանության գործով, գտնվում են տնային կալանքի տակ. իսկ գուցե հանցագործը հետապնդել է Արծրուն Գալստյանի՞ն, կրակել նրա՞ ուղղությամբ, բայց սպանվել են Վալոդյա Գրիգորյանն ու Կարեն Աբրահամյանը, թե՞ հանցանք կատարողի տված ցուցմունքը միայն բավարար է որեւէ վարկած պնդելու համար:

Հարցեր էլի կան: Հաջորդ 10 հարցերը կհնչեցնենք այս պատասխանները ստանալուց հետո»:

***

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաշինյանի իշխանական քարոզչամեքենան, քպական քարոզիչները, այդ թվում՝ պետական պաշտոններ զբաղեցնող, անցած հանգստյան օրերին մի կատաղի արշավ էին ծավալել՝ Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և նրա հետ նույն վայրում գտնվող իր ընկերոջ սպանության հետ կապված:

Հիշեցնենք, որ տարբեր քաղաքական գործիչներ, իրավաբաններ, փորձագետներ, հաշվի առնելով սպանված Գրիգորյանի անձը՝ որպես ընդդիմադիր համայնքապետ, որը ժամանակին ընտրություններում հաղթել է ՔՊ-ին, ինչպես նաև նման սպանության համար ՔՊ իշխանության ստեղծած «բարենպաստ» միջավայրը, այն է՝ թշնամանքի, ատելության գեներացումը հանրության մեջ, շեշտում էին, որ սպանությունը քաղաքական է:

Օրինակ՝ իրավաբան Ռուբեն Մելիքյանը գրել է. «Նիկոլական «բաստիոնում» ընդդիմադիր գործունեությունը մինչ օրս պարունակում էր բանտարկվելու կամ ունեզրկվելու ռիսկ։ Այսուհետ դրան գումարվում է գնդակահարվելու ռիսկը»: «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանն իր հերթին գրել է. «Որևէ կասկած չունեմ, որ այս սպանությունը կապված է Վալոդյայի հանրային գործունեության հետ»: Եվ այլն, և այլն...

Եվ ահա, հատկապես սոցցանցերում քպական քարոզիչները աղմուկ են բարձրացրել, թե՝ «ակնհայտ է, որ սպանությունը քաղաքական չէ...» (ինչի՞ց է ակնհայտ), կամ էլ թե՝ «մարդկանց վշտի վրա քաղաքական դիվիդենտներ են շահում», «սպանություն(ներ)ը քաղաքականացնում են...», այս, այն: Ու մեղադրանքներ էին հասցեագրում տարբեր ընդդիմադիր գործիչների, փաստաբանների, փորձագետների ուղղությամբ:

Բայց, կներեք, նախ՝ այդ ո՞վ է որոշել, ինչի՞ց ելնելով է որոշել, որ տեղի ունեցած կրկնակի սպանության դրդապատճառը քաղաքական չէ: Փաստացի, կա երկու հոգու ձերբակալության մասին պաշտոնական տեղեկություն, նրանցից մեկն այս տարվա փետրվարին նույն բնակավայրում կատարված մեկ այլ սպանության զոհի եղբայրն է, մյուսը՝ վերջինիս 20-ամյա ընկերը կամ ծանոթը: Ի դեպ, հետաքրքիր է, թե որտեղի՞ց է նա ավտոմատ հրազեն ձեռք բերել, որտե՞ղ է յուրացրել «քիլլերային» հատկանիշները: Բայց դա՝ դեռ իր հերթին:

Երկրորդը՝ իշխանական քարոզիչներն ի՞նչ գիտեն, որ նախօրեին ձերբակալվածները, իրենց հերթին, չեն ունեցել դրդողներ: Ո՞վ է այդ վարկածը քննել ու արդեն պարզել: Առհասարակ, իշխանական քարոզիչներն ի՞նչ գիտեն, թե նրանք ինչ դրդապատճառներ են ունեցել, ի՞նչ գիտեն, թե նրանք ի՞նչ ցուցմունքներ են տալիս կամ տալու: Մատի՞ց են հոտ քաշել, իրավապահներից օպերատիվ «սլիվ» ունե՞ն, թե՞ վստահ են՝ ինչ ընթացք է ունենալու քննությունը:

Եթե քպական իշխանությունն այս կրկնակի սպանության հետ կապված որևէ բանից անհանգստանալու խնդիր չունի, ինչո՞ւ է սկսել նման ագրեսիվ քարոզչություն ծավալել:

Ի դեպ, սպանված Վալոդյա Գրիգորյանի կուսակից, «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Մեսրոպ Առաքելյանն էլ էր հայտարարությամբ անդրադարձել քպական քարոզիչների վերոնշյալ արշավին նման հարցադրումներով: Մասնավորապես նշում է, որ Մերձավան գյուղում փետրվար ամսին տեղի ունեցած միջադեպի հետ որևէ առնչություն չեն ունեցել Վալոդյա Գրիգորյանը, նրա եղբայրը, իսկ Վալոդյա Գրիգորյանի եղբոր ապօրինի կալանավորումը եղել է մարտի 30-ի ընտրություններից առաջ քաղաքական ճնշման դրսևորում, որի վերաբերյալ Վալոդյա Գրիգորյանը փետրվարի 8-ին արել է պաշտոնական հայտարարություն: Անգամ դատախազության կողմից ներկայացված մեղադրանքով Վալոդյա Գրիգորյանի եղբայրը մեղադրվում է բացառապես խուլիգանություն կատարելու հոդվածով՝ չունենալով որևէ առնչություն սպանության հետ:

Իսկ քպական քարոզիչների ապակողմնորոշող, ավելին՝ քննությունն ակնհայտորեն ուղղորդող դրսևորումները ավելի ու ավելի են ընդգծում, որ սեպտեմբերի 23-ի գիշերը Մերձավանում արձակված կրակահերթերն, ըստ էության, հենց քաղաքական են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее