armtimes.com-ը գրում է. Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ 29-ամյա Հայկ Հակոբյանի (Նորատուսցի Հայկո մականվամբ) աղմկոտ սպանությունից հետո իրավիճակը չի հանդարտվում. փորձել են սպանել գործով մեղադրյալ Մեխակ Հարությունյանին
Հայկ Հակոբյանը սպանվել է հունվարի 7-ին, ցերեկը՝ ժամը 12:30-ի սահմաններում. «Տոյոտա լենդ քրաուզեր պրադո» ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել «Աուդի-Q7» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնվող Հայկ Հակոբյանի գլխի եւ պարանոցի ուղղությամբ, ինչի հետեւանքով ստացած վնասվածքներից վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է. Հակոբյանի վրա 7 կրակոց է արձակվել: Սպանության մեջ մեղադրվում է Նորատուսի բնակիչ 19-ամյա Մեխակ Հարությունյանը: Վերջինիս օրեր առաջ՝ մարտի 25-ին «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել են սպանել: Այս դեպքի վերաբերյալ թեեւ Քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություններ է տարածել, սակայն այդպես էլ չէր նշել, որ կալանավոր Մ. Հարությունյանը նույն ինքը՝ Մեխակ Հարությունյանն է:
Մարտի 25-ին. «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկը փորձել է ածելիով վիզը կտրելու միջոցով սպանել նրան: Հիշեցնենք, որ նա Նորատուսի գյուղապետի եղբոր՝ Չոլի շուն մականունով հայտնի Արտակ Հարությունյանի որդին է: Այս դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեն նախօրեին հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորի նկատմամբ սպանության փորձ է իրականացվել նույն ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալի կողմից։ Զբոսանքի՝ օրենքով սահմանված ժամանակը լրանալուց հետո վերադառնալիս դատապարտյալը մուտք է գործել ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի աշխատասենյակ, բռնություն գործադրել նրա նկատմամբ, հափշտակել բանալիներն ու շտապել դեպի այն խուցը, որտեղ պահվում է կալանավոր Մ. Հարությունյանը (խոսքը Մեխակ Հարությունյանի մասին է,-հեղ.)։ Ապա՝ բացել է խցի դուռը եւ հարձակվել այնտեղ միայնակ գտնվող կալանավորի վրա, բռնություն գործադրել նրա նկատմամբ, կտրող-ծակող առարկայով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին։
Մեր տեղեկություններով, դատապարտյալը հասցրել է ածելիով վնասել Մեխակ Հարությունյանի կոկորդը. նա նաեւ վնասվածքներ է ստացել դեմքի շրջանում: Մեզ հաջողվեց պարզել, որ դատապարտյալը, որը ցանկացել է սպանել 19-ամյա Մեխակին նախկինում մի քանի անգամ դատապարտված 36-ամյա Հ. Բ.-ն է: Վերջինս, սակայն միայնակ չի գործել. նրան «օգնության է հասել» մեկ այլ դատապարտյալ եւ փորձել սահմանափակել ՔԿՀ աշխատակցի շարժումները, սակայն աշխատակցին հաջողվել է ազատվել նրանցից եւ շտապել դեպի Մեխակ Հարությունյանի խուց:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ եւ երկու դատապարտյալներին մեղադրանք է առաջարդրվել. մասնավորապես Հ.Բ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) եւ 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը), իսկ նույն ՔԿՀ-ի մյուս դատապարտյալին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձին օժանդակելը) եւ 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Մեր տեղեկություններով, Մեխակ Հարությունյանն այս գործով արդեն իսկ տուժող է ճանաչվել: Քննչական կոմիտեի նախագահ Սոնա Տռուզյանը երեկ մեր զրույցում պաշտոնապես հաստատեց, որ տուժողը Հայկ Հակոբյանի սպանության գործով մեղադրյալն է: Նա հավելեց, որ անվտանգության նկատառումներից ելնելով նրան «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել են այլ ՔԿՀ, որը հրապարակման ենթակա չէ: Շրջանառվող որոշ տեղեկությունների համաձայն՝ Մեխակ Հարությունյանի սպանության պատվերը տվել է քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը: Նշենք, որ սպանված Հայկ Հակոբյանը Նորատուսցի Ալիկի մորեղբոր որդին է:
Նա կալանավորվել է 2016 թվականին «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործի շրջանակներում. նա պահվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Հենց այդ պատճառով էլ Մեխակ Հարությունյանին կալանավորելուց հետո նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը միջնորդել էր, որպեսզի իր պաշտպանյալին անվտանգության նկատառումներից ելնելով «Նուբարաշեն» ՔԿՀ չտեղափոխեն: Մեր զրույցում երեկ Պետրոսյանը չցանկացավ Մեխակ Հարությունյանի դեմ մահափորձի վերաբերյալ խոսել՝ նշելով, որ դեռ որեւէ տեղեկություն չի կարող հայտնել:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


