ՀՀ Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնում նախօրեին Վանաձորում տեղի ունեցած կրակոցների մասին:
ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«2017 թվականի օգոստոսի 14-ին` ժամը 22:00-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 21:00-ին, որովայնի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել Էդմոն Սեյրանի Հարությունյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ Է. Հարությունյանը հրազենային վնասվածքն ստացել է Վանաձոր քաղաքի Երեւանյան խճուղու 64 շենքին հարակից տեղանքում։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է թվով 2 պարկուճ, 1 գնդակ եւ արնանման 2 հետք:
Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել` Էդմոն Հարությունյանին տուժող ճանաչելու մասին, առգրավվել է «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն ընդունվելու պահին նրա հագուստները, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Կատարվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին՝ օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնել՝ հանցագործության գործիքը, ինչպես նաեւ առերեւույթ հանցանք կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ»:
Հիշեցնենք, որ հրազենային վիրավորում ստացածը Վանաձորի 31-ամյա բնակիչ, քրեական հեղինակություն Էդմոն Հարությունյանն է («Լոլոյի Էդո»):


