
Ֆեյսբուքյան օգտատեր Վրեժ Վարժապետյանն գրառման միջոցով ահազանգել է իր հանդեպ բռնության մասին.
«Ինձ այսօր Արաբկիրի զինկոմիսարիատում տարել են առանձին սենյակ, վերցրել հեռախոսս, սպառնալից և ատելությամբ լի կոչեր արել իմ և իմ ընկերոջ անձի նկատմամբ, վախեցրել են, որ ամբողջ անձնական տվյալներս կարող են ունենալ և հետաքրքվել մանրամասն իմ անձի մասին։
Ամեն ինչ սկսվեց 2018 թվականի ապրիլի 9-ին ՝ երկուշաբթի օրը, երբ զինկոմիսարիատի աշխատողը ( ոչ մեկ ի սկզբանե չի ներկայացել, սակայն պահանջել են ինձանից, որ թե՛ ներկայանամ, թե՛ հանձնեմ իմ անձնական իրերս և անձնագիրս, իրենց անձնական խոսակցությունների ընթացքում եմ միմիայն տեղեկացվել զինկոմիսարիատի աշխատակիցների անուն ազգանունների մասին՝ այն էլ ոչ բոլորի։ Ինձ և ընկերոջս ասում է «էդ սումկեքիդ մեջ ռումբ ե՞ք բերել, որ տրաքացնեք մե՞զ, տեռորիստ ե՞ք։ Հլը սաղ հանձնեք նոր մտեք ստուգվելու», ինչին պատասխան ես պահանջում եմ գրավոր տեսքով իրենց կանոնակարգը, թե որտեղ է նշված, որ մուտք ունենալուց զինկոմիսարիատի տարածք զինակոչիկը պետք է հանձնի իր անձնական իրերը։
Հարցս ուղղել եմ, քանի որ բոլորը մուտք ու ելք ունեին, թե՛ հեռախոսներով, թե՛ պայուսակներով և միմիայն մենք էինք, որ արժանացանք այս «յուրահատուկ» վարք ու բարքին։
Ի պատասխան իմ հարցին և պահանջին ՝ ինձ ծաղրելով ասում են, որ «ախպերս կասկածելի եք թվում, համել սա հասարակական վայր ա։ Չորեքշաբթի կգաս հարցերիդ կպատասխանենք»:
Այսօր՝ չորեքշաբթի ժամը 11։00-ի ժամանակահատվածում ես և ընկերս կրկին այցելում ենք Արաբկիրի զինկոմիսարիատ՝ ընկերս անցնում է կոմիսիան, իսկ ես զինկոմիսարիատի աշխատողի հետ շատ ադեկվատ զրույց ունենում եղածի մասին և հարցնում «արդյո՞ք անձնական իրեր հանձնելու կանոնը բանավոր է՞ թե գրավոր», ինչին ինձ ցրողական պատասխան են տալիս և երկու րոպե հետո տանում առանձին սենյակ, որտեղ վիրավորում են, ասում են, որ իմ ու իմ ընկերոջ նմաններին պետք ա վառել, փռթել, որ մենք ազգին հակառակ և ի վնաս ենք ծառայում... գոռգռացել են, ինչից հետո հարցաքննել և ասել «վերջ,այ հիմա կարաս ԷԹԱՍ»:
Հարցուփորձ են արել, թե ինձ ինչի ա պետք էդ ինֆորմացիան, ինչին ես պատասխանել եմ, որ «իրավապաշտպան անձ եմ և ուղղակի հետաքրքիր ա» ու ինձ պատասխանել են, որ «շատ բան ա քեզ հետաքրիր»:
Ինձ սպառնալու և ատելության կոչեր անելուց հետո ասել են «կարաս դիմես Եվրոդատարան․․․չէէէէ լավ հեռու մի գնա՝ միանգամից Արդարադատության Նախարարություն դիմի, թող քեզ օգնեն»։
Ես չեմ էլ ասում բոլոր շատ վատ վիրավորանքները, ծաղրը, բռնությունը, քմծիծաղները ու մունաթը՝ որոնք չեմ մանրամասնում էթիկայի կանոններից, որը տեղի ունեցավ կոնկրետ իմ հանդեպ այսօր։
Առանց իմ ցանկության և համաձայնության ինձ հարցաքննեցին ասելով, որ «ենթարկվի ու խոսա, պատմի»։ Ուզում էին անգամ զննել իմ դրամապանակը, սակայն ասացի, որ «դուք դրա իրավունքը չունեք», ինչին ինձ պատասխանեցին «ԻՅԱԱԱԱԱ լավ էլ գիդես իրավունքներդ ապե»:
Ցանկանում եմ, որ այս հարցը բարձրաձայնվի»,-գրել է Վրեժ Վարժապետյանը ։


