«Հայաստանյան ընդդիմության չստացված առաջնորդ, մեծն ճանապարհորդ Նիկոլ Փաշինյանի ինչպես բոլոր նախաձեռնությունները, այնպես էլ «SNICKERS» օպերացիան ձախողվեց։ Այն կեղծ էր, ինչպես իր որդեգրած սկզբունքները։ Չնայած ըմբռնումով ենք մոտենում, շատ քայլելուց արևահարվել է և ինչպես քաղաքականությունն է շփոթել թափառաշրջիկ թատրոնի հետ, այնպես էլ դռները»,-գրել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի օգնական Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում։
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Իմ Քայլը» նախաձեռնության անդամ Արփի Դավոյանի տան դռան առաջ գլխատված թռչուն է հայտնաբերվել՝ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ պաքարող «Իմ քայլը» շարժման ղեկավար, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով այդ դեպքին, ասել էր. «Ցանկացած գործողություն ստանալու է պատասխանը: Այսօր ես կկազմակերպեմ գործողություն և Շարմազանովի դռան առաջ կտրտած սնիկերս կդնենք՝ ի պատասխան գլխատված թռչունի»:
Իր հերթին՝ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, կայքերից մեկին տված հարցազրույցում ասել էր,. «Թե ինչու է իմ համեստ անձը կարևորվել Նիկոլ Փաշինյանի կողմից, չեմ կարող ասել, բայց ես չեմ պատրաստվում քաղաքական բանավեճն իջեցնել միջանձնային հարաբերությունների ցածր մակարդակի...Իմ բոլոր գործընկերներից ակնկալում եմ քաղաքական պատասխան, եթե ունեն քաղաքական պատասխան, թող տան, եթե չէ, ավելի լավ է լռեն»:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «պատասխան քայլի» լուսանկարը, որը ընդդիմադիր պատգամավորը մակագրել է այսպես․ «Գլխատված ծիտը #ԻմՔայլի մասնակցի տան մուտքի մոտ, գլխատված սնիկերսը Է. Շարմազանովենց տան մուտքի մոտ»։
Դրանից հետո Էդուարդ Շարմազանովի օգնականը հրապարակել է ԱԺ փոխնախագահի տան մուտքը, որից պարզ է դառնում, որ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարը՝ նաև ակցիան արվել է այլ քաղաքացու բնակարանի դռան դիմաց:



