▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պղնձե կուժի՝ առանց փաստաթղթերի դուրսբերումը կարելի է դիտարկել որպես մշակութային գողություն

Լրագրող Գալուստ Նանյանն իր բլոգում գրում է․

Ո՞վ կմտածեր, որ համաշխարհային մեգաաստղ Ջենիֆեր Լոպեսը իր գաստրոլային այցից հետո Հայաստանից դուրս կբերի ընտանեկան պղնձե կուժ՝ ստեղծված դեռևս 19-րդ դարում։ Ըստ տարածված լուրերի այդ կուժը շուրջ 110 տարի առաջ Վանից էր բերվել Հայաստան՝ որպես ընտանեկան սրբազան մասունք։

Այն պետք է մի քանի օր գտնվեր «Դվին» հյուրանոցի համարում, որտեղ գիշերելու էր երգչուհին։ Սակայն մշակութային արժեք ունեցող կուժը թանգարանային ցուցադրության առարկա չդարձավ․ այն պարզապես դարձավ արծաթե վզնոցի ֆոնային դեկոր՝ գեղագիտական հավելում, ոչ ավելին։

Այո՛, այդ պղնձե կուժը, իր ամբողջ սերնդային հուշով ու արժանապատվությամբ, դարձավ ֆոն՝ արծաթե վզնոցի  համար։ Իսկ հետո… ուղղակի անհետացավ։

Անհետացումը, որ ոչ ոք չնկատեց

Մասունքի դուրսբերումը ոչ մի պետական կառույց չարձանագրեց․

  • Ո՛չ ՊԵԿ մաքսային ծառայությունը նկատեց,
  • Ո՛չ ԱԱԾ-ն արձագանքեց,
  • Ո՛չ Զվարթնոց օդանավակայանի սկաները չարաչեցին։

Երբ լրատվամիջոցները բարձրաձայնեցին դեպքը, «Դվին» հյուրանոցի մենեջերուհին բավականին սառն ու անպատասխանատու տոնով արձագանքեց.

«Դա, իհարկե, մենք համարում ենք շատ հաճելի միջադեպ, և շատ երջանիկ ենք, որ հայկականությունը Լոպեսը տարել է իր հետ»։

Բայց արդյո՞ք մշակութային արժեքի ապօրինի արտահանումը կարելի է անվանել «հաճելի միջադեպ»։ Ինչպե՞ս կարելի է երջանիկ լինել, երբ սերնդական ու ազգագրական հիշողություն ունեցող արժեք է դուրս բերվել առանց թույլտվության, առանց վերահսկողության, առանց որևէ իրավական հետևանքի։

Այստեղ ծագում է գլխավոր հարցը՝ եթե համաշխարհային աստղը կարող է առանց փաստաթղթերի հանել մշակութային արժեք Հայաստանից, ապա ինչպե՞ս կարող է սովորական քաղաքացին Հայաստանից օրինական ճանապարհով տեղափոխել իր ընտանեկան ժառանգությունը այն երկիր, որտեղ ապրում է։

Օրինակներ շատ կան, երբ արտերկրում ապրող հայերը բախվում են խիստ օրենքներին, բյուրոկրատական գործընթացներին՝ անգամ իրենց պապական գորգը կամ սրբապատկերը դուրս բերելու համար։ Իսկ այս դեպքում՝ ամենքն ուղղակի լռում են։

Արդյո՞ք իրավական և պետական վերահսկողությունը selective է՝ ուղղված միայն թույլերին։

Իրավական տեսանկյունից՝ սա հանցագործություն

Հայաստանի Հանրապետության օրենքներով՝ ազգային և պատմական մշակութային արժեքների արտահանումը ենթակա է հատուկ վերահսկողության։ Առանց թույլտվության՝ նման մասունքների արտահանումը համարվում է ապօրինի գործողություն, որը կարող է ունենալ հետևյալ հետևանքները՝

  • Քրեական պատասխանատվություն
  • Վերադարձման պարտականություն
  • Վարչական տույժեր
  • Միջպետական իրավական խնդիրներ

Այս կոնտեքստում պղնձե կուժի՝ առանց փաստաթղթերի դուրսբերումը կարելի է դիտարկել որպես մշակութային գողություն, որի դեպքում իրավապահ մարմինները պարտավոր են գործել օպերատիվ և արդյունավետ։

Միջազգային նախադեպերը հուշում են՝ ոչ մի պատահական բան չկա

Նմանատիպ դեպքեր պատահել են նաև միջազգային ճանաչում ունեցող բազմաթիվ արտիստների և հանրային դեմքերի մոտ։ Պատմությունն արձանագրել է, որ անգամ իզուր նվեր ստացած կամ իրազեկ չլինող հանրային դեմքերը դառնում են ապօրինի շրջանառվող մշակութային արժեքների հաղորդակակից։

Սակայն իրավական համակարգերը շատ դեպքերում չգիտակցողներին դիտարկում են որպես անտեղյակ շահառուներ, սակայն պահանջում են վերադարձ և պատշաճ քայլեր։

Շատ երկրներում՝ օրինակ Հունաստանում, Եգիպտոսում, Իտալիայում, նման դեպքերը հանգեցրել են դատական գործընթացների ու արժեքների վերադարձի։ Այնտեղ մշակութային ժառանգությունն անվտանգության հարց է, ոչ թե PR ակցիայի նյութ։

Հետևաբար, այս դեպքը միայն հայկական խնդիրը չէ․ այն մտնում է մշակութային ինքնության ու ազգային անվտանգության խոցելիության շրջանակ։

Ուղերձ՝ պետությանը և հանրությանը

Այս միջադեպը դարձյալ բացահայտեց համակարգային անտարբերությունը ու իրավական վերահսկողության բացակայությունը։

Մեր մշակութային արժեքները վտանգված են ոչ միայն թալանով կամ պատերազմներով, այլ՝ անուշադրությամբ, պետական անտարբերությամբ ու անհատական անպատասխանատվությամբ։

Պետական մարմինները պարտավոր են (եթե իհարկե կան)՝

  • ուսումնասիրել դեպքը,
  • պարզել՝ ինչու չեն աշխատել մաքսային մեխանիզմները,
  • գնահատել իրավական հետևանքները և
  • հրապարակայնորեն պարզաբանել՝ արդյո՞ք գործը վերաբերվում է քրեական հետապնդման։

Իսկ հասարակության համար սա նաև կոչ է՝ ճանաչել սեփական մշակութային արժեքը, պաշտպանել և չհանդուրժել լուռ կորստի հերթականությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее