▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պրոդյուսերն արդարացնում է քառօրյա պատերազմի օրերին Ռազմիկ Ամյանի և Մարտին Մկրտչյանի՝ ՌԴ-ում կայացած համերգները

Life.panorama.am-ը գրում է. Ըստ տարածված լուրերի՝ վերջին օրերին, երբ ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում լայնածավալ գործողություններ էին իրականացվում, Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում Ռազմիկ Ամյանն ու Մարտին Մկրտչյանը համերգներով էին հանդես գալիս: Նույն տեղեկությունների համաձայն՝ նրանց համերգները լեփ-լեցուն են եղել, այն դեպքում, երբ ռուսաստանաբնակ հայերը գրեթե չեն արձագանքում Հայաստանում տիրող իրադարձություններին, իսկ Մարտինն ու Ռազմիկը ոչ մի կերպ  չեն հիշատակել քառօրյա պատերազմի մասին:

Այս տեղեկությունների վերաբերյալ մեկնաբանություն լսելու նպատակով կայքը կապ է հաստատել երգիչների պրոդյուսեր Արմին Մովսիսյանի հետ, ով նշել է.

«Փառք Աստծո, այսօր համացանցի դար է ու շատ հեշտ է յուրաքանչյուր բանի մասին տեղեկանալ: Մեր պաշտոնական էջերում դեռեւս շատ վաղուց էր տեղադրված Մարտինի եւ Ռազմիկի՝ Ռուսաստանի տարբեր քաղաքներում համատեղ համերգների օրերը: Համերգները մեկնարկել էին մարտի 7-ից, իսկ երբ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում սրվեց իրավիճակը, մենք դեռեւս չէինք ավարտել համերգային արշավը եւ մնացել էր ընդամենը երեք համերգ: Լարված օրերի սկզբում Եկատիրինբուրգ քաղաքում էինք, այդ ժամանակ որոշեցինք չեղյալ հայտարարել համերգներն ու վերադառնալ Հայաստան, բայց հետո քննարկեցինք ու հասկացանք, որ ՌԴ-ի հայ համայնքը հաղորդագրություն տարածելու կարիք ունի եւ լավագույն միջոցը կարող էին լինել հենց այդ համերգները»:

Արմին Մովսիսյանը շեշտել է, որ դահլիճներն իսկապես լեփ-լեցուն են եղել, բայց այդ երեք համերգների ժամանակ նրանք կարեւոր հայտարարությամբ են հանդես եկել.

«Նախ պետք է շեշտեմ, որ համերգները սկսել ենք մեկ րոպե լռությամբ՝ հարգելով սահմանագծում զոհված մեր զինվորների հիշատակը, այնուհետեւ տվյալ քաղաքի հայ համայնքի ղեկավարության կողմից հնչել են կարեւոր հաղորդագրություններ՝ հանդիսատեսին տեղեկացնելով, որ Հայաստանում տեղի ունեցած դժբախտ դեպքերի համար դրամահավաք է կազմակերպվում, նաեւ նշվում էր, թե Արցախ մեկնելու ցանկություն ունեցողները ո՞ւր կարող են դիմել եւ նման այլ հաղորդագրություններ: Բացի այս էլ՝ Մարտինն ու Ռազմիկը իրենց երգացանկն անմիջապես փոխեցին՝ մեր հայրենակիցների մարտական ոգին արթացնելու նպատակով: Չեմ կարող չնշել նաեւ, որ մենք ուղղակի ապշած էինք այնտեղի մեր հայերի ազգասիրությամբ, տեսնել էր պետք, թե նրանք ինչպիսի ոգեւորությամբ էին գումար հավաքում, որպեսզի օգնեին Արցախին: Հուզվել կարելի էր մեր հայ համայնքի հայրենասիրական ոգին տեսնելիս, մենք էլ շատ ուրախ ենք, որ մեր համերգենրի միջոցով կարողացանք օգտակար լինել նշածս հաղորդագրությունների տարածման հարցում»,- պատմել է պրոդյուսերը:

Արմին Մովսիսյանի փոխանցմամբ՝ նրանք վախ են ունեցել, որ համերգները չեղյալ հայտարարելու դեպքում կարող էին մարդկանց խուճապի մատնել, քանի որ ՌԴ-ի հայերն այնքան էլ լավ տեղյակ չէին Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ:

 

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее