«Մենք պետք է շատ հստակ պատասխանենք մի հարցի`մենք ուզո՞ւմ ենք լուծել հարցը, թե չենք ուզում: Եթե միջազգային հանրությունը, այդ թվում` Ադրբեջանը, ուզում են լուծել Ղարաբաղի հարցը, անտրամաբանական է, որ այդ հարցը քննարկվում է մի ֆորմատով, որով այդ հարցը չի կարող լուծվել: Սա էմոցիաների խնդիր չէ, սա պրագմատիկ խնդիր է: ՀՀ-ն նույնպես հակամարտության կողմ է, և ինքը լիարժեք կխոսի իր անունից, Արցախի Հանրապետության անունից պետք է խոսի Արցախի նախագահը»,- այս մասին այսօր Ստեփանակերտում տեղական և արտասահմանյան լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը պատրաստ է Արցախի խնդրի կարգավորման շրջանակներում բանակցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ ընդգծելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափը չի կարող լիարժեք լինել, քանի դեռ դրանում ներգրավված չէ Արցախը.
«Դա պատճառներից մեկն է, թե ինչու բանակցությունները սպասվող արդյունքը չեն տալիս: Բայց նաև կարծում եմ՝ բանակցային այդ ֆորմատը լիարժեք չի կարող լինել, քանի դեռ դրան չի մասնակցում նաև հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ժողովուրդը: Փոխզիջումների մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, երբ Ադրբեջանից ստանանք հստակ ուղերձ, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ինչ վերաբերում է խաղաղ հանգուցալուծմանը, հայկական կողմերը միշտ էլ խաղաղ հանգուցալուծման կողմնակից են եղել, և փաստն այն է, որ Ադրբեջանը շարունակաբար օգտագործում է ռազմատենչ հռետորաբանություն: Ես կարծում եմ, որ և Ադրբեջանը, և միջազգային հանրությունը պետք է շատ հստակ արձանագրեն, որ ՀՀ-ն և ԱՀ-ն Ադրբեջանի ռազմաշունչ հռետորիկայի առաջ, բնականաբար, չեն ընկրկի, առավել ևս հիմա, երբ մեր ազգը միասնական է առավել, քան երբևէ: Խնդրի լուծման ամենակարևոր կոմպոնենտը ճիշտ ձևաչափով բանակցություններն են»,- հայտարարեց Փաշինյանը:
Նշենք, որ Աաշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է ԱՀ Պաշտպանության բանակի շտաբ, որտեղ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին զեկուցել է առաջնագծի օպերատիվ իրավիճակը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի ռազմական համագործակցության հետագա խորացմանը և հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները ևս ցույց են տվել, որ հայկական բանակը գտնվում է ինստիտուցիոնալ բարձր մակարդակի վրա: Վարչապետն ընդգծել է, որ զինված ուժերի հետ կապված բոլոր խնդիրները գտնվելու են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:
Կարդացեք նաև՝ Ստեփանակերտը պետք է նորից դառնա բանակցություների մասնակից. Նիկոլ Փաշինյանը՝ Բակո Սահակյանին
Կարդացեք նաև` Ինչպես Արցախում դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանն Արցախում է. նա մասնակցել է Շուշիի ազատագրման 26-ամյակին նվիրված միջոցառմանը


