Tert.am-ը գրում է.
«Ֆուլ հաուս» սիթքոմի 4-րդ եթերաշրջանն ավարտվել է: Դերասաններից ոմանք վայելում են իրենց հանգիստը, ոմանք աշխատում: Դերասան Գոռ Հակոբյանը շուտով կներկայացնի իր նոր տեսահոկովակը, որը կոչվում է «Կյանքս կերել է»:
Կայքի հետ զրույցում դերասանը խոսեց երգարվեստ մուտք գործելու, նոր աշխատանքների և կիսատ թողած գործերի մասին:
-Գոռ, ժամանակին ռեփ ժանրի տեսահոլովակներ էիք թողարկում: Ինչո՞ւ երկարատև դադարից հետո որոշեցիք կրկին մուտք գործել երգարվեստ, բայց արդեն փոփ ժանրով:
-Երգն ինձ համար որպես հոբբի է: Ազատ ժամանակ սիրում եմ նվագել, ստեղծագործել: Երբ գրեցի այս երգը հասկացա, որ սա ինձ համար է, և խորհրդակցելով Արմեն Պետրոսյանի հետ, աշխատեցինք դրա վրա: Չգիտեմ, հանդիսատեսի կողմից ինչպես կընդունվի, բայց ակնկալիքներս մեծ են: Իհարկե, կցանկանայի ռեփը շարունակել, բայց Հայաստանում դրանով չես կարող ինչ-որ մեկի զարմացնել: Եվ այդ իսկ պատճառով որոշեցի այլ ոճում փորձել ինձ: Բայց հաստատ 6-8 չեմ երգելու (ժպտում է): Այս երգը փոփ ժանրում է լինելու, աշխատել ենք հնարավորինս զերծ մնալ արևելյան երգեցողությունից:
-Երգը կոչվում է «Կյանքս կերել է»: Իսկ ո՞վ է կերել Ձեր կյանքը:
-Այ, դա չեմ ասի (ծիծաղում է): Իրականում, պարտադիր չէ ինչ-որ մեկը կերած լինի իմ կյանքը: Դրանք պարզապես բառեր են:
-Ինչո՞վ է այդ երգը տարբերվելու:
-Գործիքավորումը կատարել է Էդգար Ալեքսանյանը, որին խնդրել էի գործիքավորման մեջ անի «ամենափախած» բաները: Նա շատ ուրախացավ, որ ես թույլ տվեցի անի այն ինչ ինքը կցանկանա: Ստացել ենք թեթև երգ: Տեսահոլովակն էլ տարբերվող է լինելու: Առաջիկայում կներկայացնենք:
-Գոռ, հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էիք, որ «Անտիվիրուս» հաղորդումը կրկին վերսկսելու եք: Ե՞րբ եք պատրաստվում:
-«Անտիվիրուս»-ը հետագայում կլինի, քանի որ աշխատանքներս շատ են և այժմ չեմ հասցնում:
-Իսկ «Ֆուլ հաուս»-ի 5-րդ եթերաշրջանում, Ֆելոյի կերպարում նոր զարգացումներ կլինե՞ն:
-Ֆելոյի կերպարում հիմնական գծերը կպահպանվեն, բայց նոր հետաքրքիր զարգացումներ անպայման կլինեն: Եթե հիշում եք, առաջին եթերաշրջանում Ֆելոն միամիտ տղա էր, ով եկել էր գյուղից: Նա ամեն եթերաշրջանում «աճում» է, քանի որ Երևանը փոխում է մարդուն: Դա իրականում էլ է այդպես: Իմ և Ֆելոյի բնավորության գծերի մեջ ընդանուր բան չկա:
-Իսկ դուք փոխվե՞լ եք:
-Յուրաքանչյուր մարդ փոխվում է, բայց կարևորն այն է, որ մարդը պահի իր տեսակը: Ես հստակ չեմ կարող ասել փոխվել եմ թե ոչ, բայց եթե անգամ փոխված էլ լինեմ, ապա աշխատել եմ մարդկային իմ բնավորության գծերը պահել: Փողն ու ճանաչումը երբեք չեն կարող փոխել ինձ:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում