Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է երիտասարդ երգիչ Արմեն Հովհաննիսյանը, ով հայտի դարձավ «Հայաստանի ձայնը 2» նախագծից:
Վերջին օրերին թողարկեցիք Ձեր նոր տեսահոլովակը, կպատմե՞ք մտահղացումների եւ համագործակցությունների մասին:
Այո, օրեր առաջ իմ լսարանին ներկայացրի նոր տեսահոլովակս, որը կոչվում է «Մի գնա»: Այս տեսահոլովակի համար համագործակցել եմ Նիկ Եգիբյանի հետ: Մենք նպատակ ունեինք հանդիսատեսին ներկայացնել մի հետաքրքիր, պարային ռիթմերով թեթեւ երգ եւ այդպիսով կյանքի կոչեցինք «Մի գնա» տեսահոլովակը, որի երաժշտության հեղինակն է Իրինա Հարությունյանը, իսկ խոսքերը Ռուզաննա Անդրեասյանինն է: Այս տեսահոլովակում շեշտը դրել ենք մինիմալիզմի մեջ, որը կհամապատասխաներ երիտասարդության ճաշակին եւ ցանկություններին:
Դուք առաջին քայլերն եք կատարում ոլորտում, չկա՞ր մտավախություն, որ նոր երգի ոճի հետ կապված կլինեն քննադատություններ:
Նման մտավախություն չի եղել, քանի որ կարծում եմ, որ ես դեռ առաջին քայլերն եմ կատարում եւ ամեն ոճում էլ պետք է փորձեմ, որպեսզի հասկանամ, թե որ ուղղությունն է ինձ ավելի հարազատ եւ որ ոճում պետք է խորանամ: Իսկ ինչ վերաբերվում է քննադատություններին, կարծում եմ, առանաց դրա հնարավոր չէ, յուրաքանչյուրն էլ ունի իր կարծիքը, որ ուզում է արտահայտել, բայց ես էլ ավելի կարեւորում եմ մասնագիտական եւ տեղին կարծիքները: Կոնկրետ ես աշխատում եմ համագործակցել միայն պրոֆեսիոնալ մարդկանց հետ:
Կոմերցիոն երգ ներկայացնելը նոր բան փորձելո՞ւ, թե դրանով նաեւ գումար վաստակելու ցանկություն էր, քանի որ գաղտնի չէ, որ կոմերցիոն երաժշտությամբ ավելի շատ է հնարավոր մեր օրերում գումար աշխատել:
Իմ առաջին գործից նոր երգս բավականին տարբերվում է, ցանկություն ունեի նաեւ այս ոճում ներկայանալ, օրինակ հիմա պատրաստում եմ իմ 3-րդ երգը, որն էլ կտրուկ կտարբերվի թե առաջինից, թե երկրորդից: Նաեւ պետք է հաշվի առնել այն փաստը, որ եթե այսօր աշխատում ես ակումբներում, ուրեմն հանդիսատեսի պահանջից ելնելով՝ պետք է կարողանալ երգել ամեն ինչ: Թե որքանո՞վ է սա ցավալի եւ վատ, չեմ կարող ասել, բայց եւ փաստը փաստ է: Ես փորձում եմ իմ երգացանկը համապատասխանեցնել այսօրվա պահանջարկին՝ ապահովելով որակը:
Նկատո՞ւմ եք, որ Ձեր երկրպագուները նոր երգի եւ տեսահոլովակի են սպասում:
Այո, բայց այս առումով շատ մանրամասներ չեմ ուզում հաղորդել, քանի որ լավ կլինի, եթե նաեւ անակնկալներ լինեն: Միայն կնշեմ, որ կրկին կաշխատեմ Նիկ Եգիբյանի հետ, ով երաժշտության հեղինակն է, իսկ խոսքերը գրել է Գայանե Ավետիսյանը: Նկատեմ նաւե, որ մեր թիմը առանձնապես չի փոխվել, բայց կփոխվեն ոճային դրսեւորումները: Տեսահոլովովակի մասին դեռ չեմ մտածել, դեռ չգիտեմ էլ երբ այն կկարողանանք կյանքի կոչել, ամեն բան անում եմ, որպեսզի այս տարի հասցնեմ այն ներկայացնել:
Եթե մի պահ հետ նայեք եւ հիշեք նախագծից առաջ Ձեր ունեցած երազանքները, հույսերն ու պատկերացումները, հետաքրքիր է՝ այդ ամբողջը իրականություն դարձա՞ն:
Ես շատ պատահական մասնակցեցի նախագծին, հույսեր էլ չունեի, որ մի օր հնարավոր է հայտնվեմ այն կետում, որտեղ այսօր եմ կանգնած (իհարկե, ես դեռ ճանապարհի սկզբին եմ միայն): Ինձ մոտ ամեն բան շատ անսպասելի տեղի ունեցավ, նույնիկս անհնար էր թվում, որ կարող է այդքան ճանապարհ անցնեմ այդ մրցույթում: Ամեն դեպքում, իմ պատկերացումներն ու հույսերը նախագծի հետ կապված իրականացան, ինձ համար իսկապես հաղթանակը կարեւոր չէր: Այդ մրցույթն ինձ համար կարեւորվեց ոչ թե փուլերը հաղթահարելով, այլ լավ ընկերներ ձեռք բերելով, որոնք դարձան իմ կյանքի ըներները: Մրցույթը ինձ որոշ չափով ճանաչում տվեց, որը հիմք հանդիսացավ, որպեսզի այսօր կարողանամ արտահայտվել եւ քայլել այս ճանապարհով:
Նախագծի ընթացքում եւ մինչ օրս աչքի եք ընկնում Ձեր համեստությամբ, զսպվածությամբ, դա անվստահությա՞ն, թե տեսակի խնդիր է:
Այո, դա իմ տեսակի խնդիրն է, ես փակ մարդ եմ: Անվստահություն երբեք չի եղել, այն, ինչ արել եմ, շարժվել եմ միայն սրտիս թելադրանքներից ելնելով, արել եմ այն, ինչ զգացել եմ: Ես տեսակով ամաչկոտ մարդ եմ, այսօր անգամ, երբ դրսում ինձ ճանաչում են, անասելի հաճույքի հետ միասին նաեւ խիստ ամաչում եմ:
Մարզիչները մշտապես խոստանում են, որ նախագծերի ավարտից հետո մշտապես կլինեն իրենց մասնակիցների կողքին, բայց շատ հաճախ նրանց կապն ավարտվում է նախագծի հետ միասին: Հետաքրքիր է՝ Ձեր պարագայում ինչպե՞ս է դասավորվել:
Իմ պարագայում այդպես չէ: Հայկոյի հետ մշտապես շփում ունեմ եւ նրան շատ հարցերում եմ շնորհակալ, շնորհակալ եմ այն հիմքի համար, որ նա ինձ տվեց: Այսօր էլ, երբ որեւէ երգի վրա եմ աշխատում, անպայման, կապնվում եմ իր հետ եւ պարտադիր իր կարծիքը հաշվի եմ առնում: Հայկոն ինձ շատ է օգնել եւ շարունակում է օգնել:
Ունե՞ք հատուկ սկզբունքներ, ըստ որոնց դուք պարզապես կհրաժարվեք երգել այս կամ այն ոճում:
Եթե այդ հարցը տայիք մինչ նախագծին մասնկացելը, ապա կպատասխանեի, որ այո, ունեմ նման մտքեր ունեմ, բայց հիմա ոչ, նման մտքեր չկան, աշխատանքը ամեն բան փոխեց: Պետք է հավասար քայլել տենդեցներին, հակառակ դեպքում 2-3 քայլով հետ կընկնես: Եթե աշխատում ես ակումբներում ու դրանով էլ գումար ես վաստակում, ապա նման սկզբունքները կխանգարեն:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում