▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոփոխություններ՝ միասնական քննությունների թեստերում

«Այս տարի միասնական քննությունների համար գործելու է 29 քննական կենտրոն, որից 9-ը Երևանում, 20-ը՝ մարզերում: 5 քննական կենտրոն էլ կլինի Արցախում: Արդեն տեղադրվում  են խլացուցիչ սարքերը, տեսախցիկները, հեռուստացույցները: Ինչ վերաբերում է քննական թեստերին, ապա դրանք տպագրված և փաթեթավորված են և մայիսի 23-ին Լոնդոնից կտեղափոխվեն Հայաստան: Այս պահի դրությամբ ունենք 9737 դիմորդ: Եթե համեմատենք նախորդ տարվա հետ, ապա պակասել է 1500-ով: Բայց սա նրանց վերջնական թիվը չէ, քանի որ բացի միասնական քննություններից նաև ներբուհական քննություններ են լինում որոշ ԲՈՒՀ-երում՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ և այլն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը:

Նրա փոխանցմամբ՝ մեծ թվով դիմորդներ(5191 դիմորդ՝ առաջին փուլի համար) քննություն են հանձնելու հայոց լեզու և գրականություն առարկայից, իսկ ամենաքիչ դիմորդներ ունենալու ենք համաշխարհային պատմությունից(88 դիմորդ՝ առաջին փուլի համար):

Ամենաշատ դիմորդները Երևանից են(3101), ամենաքիչը Վայոց Ձորից(243):

Պետության կողմից հատկացված է 1641 անվճար տեղ: Վճարովի տեղերի քանակն էլ մոտ 18.000 է:

Արա Իսպիրյանը նշեց նաև, որ թեստերի բովանդակային փոփոխություններ են եղել:

«Եթե նախորդ տարիներին թեստերը շտեմարաններից վերցվում ու նույնությամբ ներկայացվում էին, ապա  անցած տարվանից մաթեմատիկայի և բնագիտական առարկաների դեպքում մենք թեստ կազմողներին թույլ տվեցինք թեստերում կատարել թվային արժեքի փոփոխություններ: Այսինքն, եթե երեխան խնդիրը լուծելու ձևը գիտի, նրա համար տարբերություն չի լինի՝ հեծանվորդը 20 , թե 50կմ/ժ արագությամբ է գնում: Այս տարի հայոց լեզվի և հայ գրականության թեստերում էլ նման փոփոխություններ կլինեն»,-մանրամասնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենը:

Արա Իսպիրյանը տեղեկություններ ներկայացրեց նաև 9-րդ և 10-րդ դասարանների քննությունների վերաբերյալ:

«Այս տարի ունենք նորություններ, կատարվել են փոփոխություններ:12-րդ դասարանի աշակերտների թիվը 20.000 է, որոնք կհանձնեն քննություններ՝ դպրոցն ավարտելու համար: Դեկտեմբեր ամսից սկսած ունեցել ենք երկփուլանի քննություններ, այսինքն աշակերտների մի մասը կարող էր քննություն հանձնել այդ ամսին: Այդ ժամանակ հայոց լեզվի և հայ գրականության համար հայտագրվել է 3752 աշակերտ, մաթեմատիկայից՝ 5779, հայոց պատմությունից՝ 8417: Հունիսին 11499 աշակերտ կհանձնի քննություն հայոց լեզու և գրականություն առարկայից, մոտ 10.000-ը մաթեմատիկայից, 10390-ը՝ հայոց պատմությունից»:

Ինչ վերաբերում է 9-րդ դասարանի շրջանավարտներին, ապա նրանց թիվը 29690-նն է:

«Այս տարի նրանց հայոց լեզվի գրավոր աշխատանքը փոխադրությունը կլինի: Գնահատման և թեստավորման կենտրոնից քննության օրը  տեքստը կուղարկվի դպորցներին: Հայ գրականությունը, հայոց պատմությունը, անգլերենն ու ռուսերենը լինելու են բանավոր: Մաթեմատիկան ու բնագիտական առարկաներն էլ կլինեն թեստային առաջադրանքների տեսքով»,-նշեց Արա Իսպիրյանը:

Հավելենք, որ քննությունների երկրորդ փուլի դիմում-հայտերի ընդունումը կսկսվի հունիսի 24-ից և կտևի մինչև հունիսի 30-ը: Կենտրոնացված քննությունները կամ, այսպես ասած, բանավոր քննությունները կանցկացվեն հունիսի 25-ից հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում: Միասնական քննությունների երկրորդ փուլը կանցկացվի հուլիսի 2-ից հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում: Երկրորդ փուլին կարող են դիմել առաջին փուլին հարգելի պատճառով չմասնակցած դիմորդները, բանակից զորացրվածները, արտերկրում սովորող մեր հայրենակիցները, միջին  մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողները:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее