ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ հեռարձակմամբ է հանդես եկել, որում անդրադարձել է տարատեսակ պաշտոնները որպես սեփականություն ընկալելու հարցին։

«Փաստացի, կա այսպես կոչված «ինստիտուտ», երբ մարդիկ կարծում են, որ իրենց զբաղեցրած տեղը ` բարձրաստիճան պաշտոն, թե ավելի ցածր պաշտոն, իրենց սեփականությունն է: Երբ դու փորձում ես ինչ-որ գործողություն կատարել, օրինակ` այդ մարդուն տանել ավելի բարձր պաշտոնի, կամ խնդրել տեղափոխվել այլ պաշտոնի, քանի որ ինքը լավ չի կատարում այդ աշխատանքը կամ ընդհանրապես ազատել աշխատանքից, դա նրանք ընկալում են որպես անձնական կյանքի, սեփականության նկատմամբ ոտնձգություն, ինչպես օրինակ` կգնայիր իրենց տունը թալանելու կամ մեքենան գողանալու»:

«Չենք անում մեծ վիրաբուժություն, որպեսզի համակարգը չտուժի, իսկ որ համակարգում պետք են ռադիկալ փոփոխություններ, այդ թվում` ռադիկալ կադրայի փոփոխություններ, դա փաստ է, իսկ դա հերքողը պարզապես չի պատկերացնում, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում: Նոր Հայաստանի անվան տակ անարդարությունը քողարկելը ես համարում եմ անթույլատրելի, ու բոլորը պետք է դրա մասին իմանան»:
Նախարարն անդրադարձել է նաև Դավիթ Մելիք-Նուբարյանի` նախարարությունից հեռանալու փաստին` նշելով, որ նա գնացել է իր կամքով` հակառակ մնալու և աշխատելու իր խնդրանքին։
«Որոշ մարդիկ որ հայտարարեցին, որ գնում են առողջապահության նախարարությունից, գնացել են իրենց կամքով, օրինակ բուժօգնության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը, որին ես խնդրել եմ չգնալ։ Նա պարզապես անձնական նկատառումներով, քանի որ մեկ ուրիշ անձ գնում էր, ինքը հավատարմության նկատառումներով որոշեց գնալ, այն դեպքում, որ ես արդեն չգիտեի ոնց խնդրել, որ նա չգնա, քանի որ պրոֆեսիոնալ է։ Բայց եթե նա համարում է, որ այդ հավատարմությունը մեկ այլ անձին, որը իրոք պետք է գնար, ավելի կարեւոր է, քան գործը, դա նրա ընտրությունն է»:


