168.am-ը գրում է. «Ալեքս Հոլդինգի» գործը դեռ նոր զարգացումներ կունենա: ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը երեկ հայտարարեց, թե 350 անձանց վերաբերյալ նախապես հայտարարված թիվը քիչ է. 460 և ավելի է, ընդ որում, բացի նրանցից, պետք է հրավիրվեն առևտրային ցանցեր ունեցող մյուս 11 կազմակերպությունների աշխատակիցներ, և դրանց մասով թիվը կգերազանցի 1000-ը։

Նոր կառավարության օրակարգից կարծես թե դուրս է մնում մեկ այլ խնդիր. կարևոր է ոչ միայն՝ հանցավոր համաձայնության մեջ մտած խոշոր գործարարներին, այլև՝ այդ նույն հանցավոր համաձայնության մյուս կողմին՝ պետական պաշտոնյաներին, պատասխանատվության ենթարկելը։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ այդ համաձայնությունները եղել են բարձր՝ մինչև վարչապետի մակարդակով, և կողմ արտահայտվեց նաև պաշտոնյաներին պատժելուն։

«Ես կողմ եմ, որ գործարարներին պատժենք այդ համաձայնություններից դուրս կատարված գործողությունների համար: Այ, եթե որոշում ենք, որ համաձայնությունները եղել են ապօրինի, և համաձայնության կողմերն էլ պետք է պատժվեն, ուրեմն, այո, պետք է արդարաբար պատժվեն բոլորը»,- ասաց նա:

Ըստ Անանյանի՝ նախկինում պայմանավորվածությունները եղել են Պետական եկամուտների կոմիտեի և գործարարության որոշ ներկայացուցիչների միջև, և այդ համաձայնություններն ավելի բարձր մակարդակում հավանության են արժանացել. «Ես ՊԵԿ որևէ պաշտոնյայի անուն չեմ կարող առանձնացնել, որովհետև համակարգն է համաձայնության եկել: Եթե որոշ պաշտոնյաներ որոշ առաջարկություններ են արել, որոնք երկրի ղեկավարության հետ համաձայնության են եկել, մենք որևէ իրավունք չունենք ասել՝ ՊԵԿ-ի այս կամ այն աշխատակիցը այս կամ այն առաջարկն է արել, որի պատճառով այս իրավիճակն է եղել»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


