▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է ամեն մեկի օջախը մտնել...

Հայ Հեղափոխական Դաշնակցությունը ԱԺ ընտրություններին գնում է «Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախոսով։ Կուսակցությունն այսօր ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը։

«Այս խորհրդարանը դառնալու է հիմնադիր խորհրդարան»,-իր ելույթում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Նրա խոսքով՝ հենց Դաշնակցության ջանքերով է, որ Հայաստանն անցնում է կառավարման խորհրդարանական համակարգի. «Բոլոր հնարավորությունները ստեղծել ենք, որ ընտրությունների միջոցով ժողովուրդը որոշի իր իշխանությունը։ Այլևս չենք ունենալու մի աթոռ նախագահի, որի վրա նստողը կունենա ամբողջական իշխանություն։ Մենք վերացրեցինք այն աթոռը, որ գոյություն չունենա մեկը, որի մտքով կանցնի, որ նա կարող է լիարժեք իշխանություն ունենալ։ Սրանով մենք մոտեցրել ենք իշխանությունը ժողովրդին»,-ասաց Ռուստամյանը։

ՀՅԴ-ն չի պատրաստվում առանձին անձանց համար խոստումներ տալ. «Չենք գնալու դատարկ խոստումներ տալու ճանապարհով։ Մտնում ենք ընտրապայքար՝ մանդատ հայցելու, որ մեր սկսած գործը շարունակենք»։

Արմեն Ռուստամյանը մտահոգություն հայտնեց՝ ժողովրդի 70 տոկոսը տեղյակ չէ, թե ինչ համակարգային փոփոխություններ են տեղի ունեցել երկրում, թե ինչ են դրանք բերել և ինչ են բերելու իրենց կյանքում։ «Պետք է ամեն մեկի օջախը մտնել, բացատրել կատարվածի կարևորությունը»,-ասաց նա:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն էլ իր ելույթում նշեց, որ Դաշնակցության առաջնահերթություններից է լինելու հանրային ծառայության ոլորտի բարելավումը. «Պետական ծառայողը պետք է վստահ լինի, որ իր աշխատավարձն ապահովում է իր թե սոցիալական,  թե մշակութային կարիքները, որպեզի նա չունենա կոռուպցիոն մղումներ: Սրա հենքի վրա առաջարկում ենք հակակոռուպցիոն մարմնի ստեղծում, որը կներառի հասարակության բոլոր շերտերը: Մենք հասնելու ենք նրան, որ բնական ռեսուրսները՝ հողը, ջուրը, ընդերքը, անտառները, ծառայեն մեր ժողովրդին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее