▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք չէ վախենալ քննադատությունից. Արայիկ Հարությունյան

Կրթության նախարարը հայտարարություն է տարածել

Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովը 25 տարեկան է և այդ հոբելյանի առիթով Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի է ունեցել հանդիսություն, որին մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Հանդիսությանը ներկա են եղել ԲՈՀ-ի խորհրդի անդամները, մասնագիտական խորհուրդների ներկայացուցիչները, բուհերի ռեկտորներ, անվանի գիտնականներ:

 ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր շնորհավորանքի խոսքում գնահատել է ներկաների տարիների աշխատանքը և նշել, որ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի դերակատարումը կարևոր է գիտական մրցունակ համակարգի ստեղծման տեսանկյունից. «Մենք ունենք քաղաքական կամք բոլոր ոլորտներում, այդ թվում նաև գիտական աստիճանաշնորհման համակարգում ցանկալի փոփոխություններ կատարելու և ավելի լավ արդյունք ունենալու համար: Կարծում եմ` քննադատությունից վախենալ պետք չէ, որովհետև այն լինում է երկու դեպքում. երբ աշխատանքը վատ է կատարվում, և երկրորդ` երբ աշխատում ես սկզբունքային ու հետևողական` պաշտպանելով քո գիծը և նպատակասլացությունը: Կցանկանայի, որ ԲՈՀ-ի աշխատանքում երկրորդ հանգամանքը լիներ առաջնային»,- նշել է Ա. Հարությունյանը և հավելել, որ ԲՈՀ-ի առաջիկա անելիքները պետք է դիտարկել նոր լույսի ներքո:

ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանն իր խոսքում ընդգծել է, որ Բարձրագույն որակավորման հանձնաժողովն անկախ պետականության խորհրհդանիշներից և պետության բացառիկ ձեռքբերումներից մեկն է. «ԲՈՀ-ն աշխատում է ավելի քան 100 գիտական կազմակերպությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների, 60-ից ավել մասնագիտական խորհուրդների հետ: Նրանցից յուրաքանչյուրն իր դերակատարումն է ունեցել այս համակարգի անցած դժվարին ճանապարհի, կայացման և զարգացման համար»,- նշել է Լ. Արզումանյանը և հավելել, որ ԲՈՀ-ի գործունեությունը հաճախ է հայտնվում հանրային քննադատության թիրախում, ինչը վկայում է սահմանված չափանիշներին հավատարիմ մնալու աշխատաոճի մասին: Միջոցառման ընթացքում ներկայացվել է ԲՈՀ-ի 25-ամյակին նվիրված հաշվետու ֆիլմ: Հոբելյանի կապակցությամբ ԲՈՀ-ի առաջին նախագահ Արեգ Գրիգորյանն ու մասնագիտական հանձնաժողովների մի խումբ նախագահներ արժանացել են պարգևների:

 

 

 

 

 

Նշենք, որ անցած 25 տարիների ընթացքում Բարձրագույն որակավորման հանձնաժողովը գիտական աստիճան է շնորհել շուրջ 10 հազար բարձր որակավորմամբ մասնագետների, որոնց 89 տոկոսը` գիտությունների թեկնածուի, 11 տոկոսը` գիտությունների դոկտորի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее