Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է ռեժիսոր, դերասան Հայկ Աֆրիկյանը, ով տարիներ առաջ նաև «AM» երաժշտական խմբի մեներգիչն էր:
Հայկ, վերջին շրջանում կարծես թե էկրաններին այնքան էլ ակտիվ չեք, ինչո՞վ է պայմանավորված այս շրջանի Ձեր լռությունը, ինչո՞վ եք զբաղված:
Այս պահին ուժերս կենտրոնացված է իմ՝ «Level one» դերասանական ստուդիայի վրա, որտեղ ես եւ տնօրենն եմ, եւ դասավանդում եմ առարկաներից գլխավորները՝ բեմական խոսք, դերասանի վարպետություն եւ ռեժիսուրա: Կարելի է ասել՝ իմ ամբողջ ժամանակը նվիրել եմ ուսանողներիս, որոնց հետ ջերմ ընկերական շփում ունենք: Իսկ թե ինչո՞ւ էկրաններին չեմ երեւում, կարծում եմ, ինձ շատ եմ նվիրել իմ ստուդիային, միաժամանակ նաեւ սպասում եմ եւ հույս ունեմ, որ լավ առաջարկներ դեռ կլինեն, իսկ հիմա գուցե բարին էլ սա է:
Լավագույն դերերի մասի՞ն եք երազում:
Առհասարակ երազելի դերեր կան դերասանների համար, բայց հիմա ոչ թե երազում եմ, այլ սպասում եմ, թե երբ կվերանան այս էժանագին, մանր-մունր դերասանները, ովքեր խոսել չգիտեն, ունեն բերանի ապարատի թերություններ, միմիկաներ չունեն, իրենց խոսքով փողոցի ժարգոնից չեն տարբերվում եւ էժանագին դերասանական պահվածք ունեն:
Հայկ հրավերներ չկա՞ն, թե դուք եք դրանք մերժում:
Իմ պարագայում երկու տարբերակն էլ գործում է: Ես իմ մասին բարձր կարծիք չունեմ, բայց նաեւ ես սիրում եմ գնահատել այն, ինչ ունեմ: Այսօրվա բացակայությանս հիմքում պատճառները մի քանիսն են՝ ես սպասում եմ, որ լավ առաջարկ լինի, այսինքն՝ հարմար առաջարկ չեմ ստացել, նաեւ ուժերս իմ ստուդիայի վրա են կենտրոնացած:
Առաջարկներն ընդունելու հարցում ունե՞ք անխախտ սկզբունքներ: Ի՞նչ պարագայում եք մերժում դրանք:
Դերասանը պետք է ունենա իր սկզբունքները եւ չդավաճանի դրանց, բայց այսօր շատ դերասաններ դավաճանում են այդ սկզբուքններին գումար աշխատելու համար, ինչը սխալ է: Այսօր շատ չակերտավոր մարդիկ կան, ովքեր ցավոք սրտի դասվում են դերասանների շարքին: Այսօր սնկի պես աճել են այսպես կոչված քասթինգ ստուդիաները, ինչին ես շատ վատ եմ նայում, օրինակ իմ ստուդիայում փորձում ենք տալ բարձր գիտելիքներ, ինչը ես անձամբ եմ ստացել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր դասախոսներից, մենք նաեւ դիմորդներին նախապատրաստում ենք Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ընդունելության քննություններին: Ես ինքս բացահայտել եմ, որ ինտելեկտի 3 տիպ կա՝ ի ծնե, որը ցավոք շատ քիչ է հանդիպում, ձեռքբերովի, որը կրկին ցավոք պահանջարկ չունի, եւ երկուսից ծնված, երբ դա ծնվում է աշխարհընկալողականությունից: Շատ ժամանակ ինձ զանգում եւ հարցնում են, թե ինչքան ժամանակից հայտնի կլինենք, ես բնականաբար, ասում եմ հաջողություն, սա Ձեր տեղը չէ: Արվեստագետը ճանաչված լինելու համար պետք չէ մտնի այս ոլորտ, սա մեր ստուդիայի ուսանողներին ամեն կերպ բացատրվում է:
Կարծես թե, հիասթափվա՞ծ եք:
Ես արդեն չեմ հիասթափվում: Հիասթափություն բառը օգտակար եւ տեղին չէ, որովհետեւ այն վաղուց իր ժամկետը կորցրել է: Հիասթափությունը գեղեցիկ է, երբ բարձր արժեքի եւ բարձր հայացքի նկատմամբ է լինում:
Նկատի ունեք, որ մենք հիմա բարձր արժեքներ չունե՞նք:
Ոչ, ունենք դեռեւս հնուց մնացած բարձր արժեքներ, եւ երիտասարդ սերունդների մեջ էլ կան մարդիկ, ովքեր համընդհանուրին ձուլված չեն:
Գիտեմ, որ ցանկություն ունեիք գեղարվեստական ֆիլմ նկարահանել, կպատմե՞ք, թե երբ եք նախատեսում:
Այո, պրոդյուսեր Արթուր Գաբրիելյանի հետ նախատեսում ենք ֆիլմ նկարահանվել, որը, ցավոք, այս ամռանը չհասցնելու պատճառով կիրականացնենք հաջորդ ամառ: Այս ֆիլմում կխաղան տաղանդաշատ հայտնի դերասաններ, ինչպիսին է Գուժ Մանուկյանը, ում շատ եմ հարգում եւ գնահատում:
Դուք մասնագիտությամբ ռեժիսոր եք, բայց նաեւ դերասանությամբ եք զբաղվում եւ նաեւ ժամանակին երգել եք, միաժամանակ կարծում եք, որ ամեն մեկն իր գործով պետք է զբաղվի:
Երբ ես երգում էի, իմ երգը լսողը չէր չարանում, իմ երգի մեջ բարություն կար: Երգի համար ես անգամ դուրս եկա Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնից, բայց հետո, ցավոք, բոլոր խմբերի նման մեր խումբն էլ փակվեց, իսկ ես միայնակ չէի կարող գործել, քանի որ հարկավոր էին ֆինանսական միջոցներ: Ինձ մոտ մինչ այսօր երգի նկատմամաբ սերը չի մարել, հուսամ ինչ-որ մի օր կկարողանամ կրկին վերսկսել այդ ասպարեզում իմ գործունեությունը: Նկատեցիք, որ մի քանի ոլորտում եմ գործում, բայց հավատացեք, եթե ես զգամ, որ մի տեղում թերանում եմ, ես չեմ անի դա: Ես ընդունում եմ առողջ քննադատությունները, որոնցից կարող եմ նաեւ դասեր քաղել: Պետք չէ նախանձել, նախանձը շատ վատ քննադատությունների է բերում:
Հայկ, կար ժամանակ, երբ դուք պատմեցիք Ձեր նշանադրության մասին, հետաքրքիր է՝ ինչ փուլում է այժմ գտնվում Ձեր անձնական կյանքը:
Իմ կյանքի պատմությունը նման է հեքիաթի, որի ավարտը դեռ չի մոտեցել եւ չգիտես էլ, թե ավարտը ինչպե՞ս է լինելու: Հիմա, երբ ես չգիտեմ ավարտի մասին, չեմ էլ ուզում խոսել ընթացքից, շատ քաղցր է, երբ միշտ հեքիաթում ես:
Ամբողջկան նյութը` սկզբնաղբյուր կայքում