«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խաղող մթերողների բունտը կանխելու, փողոցները փակելու աղմուկից խուսափելու համար ՀՀ Կառավարությունը կոնյակի սպիրտ է գնել կոնկրետ գործարանից՝ պարտադրելով նրան քաղաքացիներից խաղող մթերել: Բայց երբ գնված կոնյակի սպիրտը Կառավարությունը վաճառել է, 3.7 մլն դրամ տուժել է:
Հիմա ամեն ինչի մասին՝ հերթով:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնապես տեղեկացավ, որ 2023 թվականին խաղողի մթերումների գործընթացը կազմակերպելու և լրացուցիչ ծավալով խաղողի մթերումներ իրականացնելու նպատակով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից ձեռք է բերվել շուրջ 693.0 հազար լիտր (100%-անոց սպիրտի հաշվարկով) կոնյակի սպիրտ՝ պայմանով, որ օտարող կազմակերպությունը պետք է իրականացնի համարժեք ծավալով խաղողի մթերումներ։
Զարմանալի զուգադիպությամբ ՀՀ Կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ին N1520-L որոշմամբ՝ «խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումները հաստատելու մասին» ծրագրից Արարատի և Արմավիրի մարզերի խաղող մթերողներից օգտվել է միայն «ՄԱՊ» ընկերությունը: Այս ընկերության սեփականատերը, հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր («Օրինաց երկիր» կուսակցությունից, հետո՝ ՀՀԿ-ական դարձած) Ալեքսանդր Պետրոսյանն է, տնօրենը՝ վերջինիս որդին՝ Մակար Պետրոսյանը:
Էկոնոմիկայի նախարարության կողմից մեզ տրված պատասխանում նշված է, որ «2023 թվականի սեպտեմբեր և նոյեմբեր ամիսներին «ՄԱՊ» ՓԲԸ-ից ձեռք է բերվել 1 մլրդ 442 մլն 807 հազար դրամ արժողությամբ 692 հազար լիտր 100% սպիրտի հաշվարկով հայկական կոնյակի սպիրտ, իսկ «ՄԱՊ» ՓԲԸ-ն ցանկում ներառված խաղողագործներից մթերել է շուրջ 7620 տոննա խաղող»: Գործադիրի որոշմամբ Կառավարության անունից, հանդես է եկել ադամանդագործությունը խթանելու համար ստեղծված «Հայ-Ալմաստ» ՓԲԸ՝ գնելով և հետագայում նաև վաճառելով կոնյակի սպիրտ:
Գործարքը, որն իր տրամաբանությամբ պիտի սոցիալ-տնտեսական կայունություն բերեր 2 մարզերում, վերածվեց տնտեսական անարդյունավետության դասական օրինակներից մեկի։ Կառավարության գնած սպիրտը հետագայում վերավաճառվել է, որի արդյունքում պետությունը ոչ միայն շահույթ չի ստացել, այլև գրանցել է ֆինանսական կորուստ։