2021-ի պետական բյուջեով պարգևատրումների համար նախատեսված է 18 միլիարդ 825 միլիոն դրամ՝ չհաշված քաղծառայողների և այլնի համար նախատեսվածը, իսկ այս ցուցանիշը 21 և ավելի տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն ընթացքում, դիմելով Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:
Պատգամավորը հետաքրքրվել է՝ արդյո՞ք նոր իրողությունների պայմաններում Կառավարությունը մտադիր է վերանայել դա, թե՞ պահպանվելու է թիվը:
Նախարարն արձագանքել է՝ բազմիցս առիթ ունեցել են այդ հարցին անդրադառնալու․ անվանումը, դժվար է ասել, որ արտահայտում է բովանդակությունը:
«Մենք, ըստ էության, սա որպես միջանկյալ լուծում ենք ներկայացրել այնքան ժամանակ, քանի դեռ պետական կառավարման համակարգի բարեփոխումը չի հասել իր տրամաբանական ավարտին և չի գտնվել ծանրաբեռնվածության բաշխման և աշխատանքի վարձատրության համարժեք համակարգի ճիշտ լուծումը, իսկ մինչ այդ սա ժամանակավոր լուծում է»,-ասել է Ջանջուղազյանը՝ նշելով, թե փոփոխությունը՝ դրական թե բացասական, ընդամենը պայմանավորված է դրա տակ ընկած գործոնների փոփոխությամբ:
Խաչատրյանի հարցին՝ փաստորեն պարգևավճարների մասով փոփոխություն չե՞նք կարող ակնկալել, և նշված թիվը չի՞ փոփոխվելու, ֆինանսների նախարարը պատասխանել է․ «Համենայնդեպս, ներկայացված նախագիծն այնպիսին է, ինչպիսին կա, և առայժմ որևէ քննարկում որևէ ուղղությամբ որևէ փոփոխության մասին, կարծում եմ, ժամանակավրեպ է»։