Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է ներկայացրել հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ Հարկային օրենսգիրքով սահմանվող ճանապարհային հարկի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՊԵԿ մամուլի ծառայությունից: Պարզաբանման մեջ ասվում է.
"Ինչպես հայտնի է, 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ Հարկային օրենսգիրքը, որի բաժին 9-ը վերաբերում է ճանապարհային հարկին: Օրենքի կիրարկման նպատակով ՀՀ տրանսպորտի նախարարության և ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացուցիչների համատեղ քննարկման արդյունքում, հայտնում ենք, որ վերոնշյալ կարգավորումներին համապատասխան՝ ավտոմոբիլային տրանսպորտի շարժական կազմը (շարժակազմը) անիվավոր ինքնագնաց կամ ավտոմոբիլի միջոցով քարշարկումով ավտոտրանսպորտային միջոցների ընդհանրությունն է, տրանսպորտային միջոց դիտարկվում է ավտոմոբիլային (թամբային) քարշակը կամ ավտոմոբիլային (թամբային) քարշակը կիսակցորդով, որի կազմում քարշակը որպես առանձին տրանսպորտային միջոց կամ ավտոմոբիլ չի դիտարկվում: Այդ առնչությամբ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ.
Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկով հարկման (ըստ թույլատրելի առավելագույն զանգվածի՝ օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերի կիրառման) առումով՝
1) կիսակցորդով ավտոմոբիլային (թամբային) քարշակի (ավտոգնացքի) դեպքում հիմք է ընդունվում միայն կիսակցորդի թույլատրելի առավելագույն զանգվածը,
2) կիսակցորդով և կցորդով ավտոմոբիլային (թամբային) քարշակի (ավտոգնացքի) դեպքում հիմք է ընդունվում կիսակցորդի և կցորդի թույլատրելի առավելագույն զանգվածների հանրագումարը,
3) միայն կցորդով շարժվող միակցված շարժակազմի (ավտոգնացքի) դեպքում` շարժակազմի մեջ մտնող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցի և կցորդի (կցորդների) թույլատրելի առավելագույն զանգվածների հանրագումարը":


