▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատշգամբից երգեց՝ գրավելով բոլորին.Այսօր Լուսինե Զաքարյանի ծննդյան օրն է

1937 թվականի հունիսի 1-ին Ախալցխայում ծնվել է Կոմիտասի, հայ հոգևոր երգերի ու տաղերի կատարող Լուսինե Զաքարյանը: 1952 թվականին իր ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան, սովորել Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1957 թվականին ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիա:

«Տեսե՛ք, թե ինչ հետաքրքիր օր է ծնվել Լուսինեն: Նա երեխայի պես մաքուր էր: Առաջին անգամ Լուսինեի հետ հեռակա ծանոթացել եմ Էջմիածնում պատարագ լսելիս, իսկ դեմ առ դեմ ծանոթությունս կայացել է ռադիոյում: Համերգներից մեկը պետք է վարեի, վախեցած մտել եմ ստուդիա, հայտարարել եմ նրա անունը, մոտ 50 րոպե ըմբոշխնել եմ նրա հրեշատակային ձայնը: Համերգի ավարտին ամաչում էի մոտենալ, ո՞վ էի ես: Հետո երաժիշտներից մեկն ասաց, թե մի՛ վախեցիր..այդպես ծանոթացանք»,-պատմեց ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը:

Նրա խոսքով՝ երգչուհին չի սիրել համերգից հետո մնալ, որպեսզի իրեն ծաղիկներ բերեին, հաճոյախոսեին.

«Համերգից հետո հագնվում ու գնում էր տուն: Մեկ օր էլ մտա հարդարանքի սրահ ու նրա գոտին տեսա ու գողացա՝ մտածելով, որ սա տարիներ հետո ինձ համար հրաշք մասունք կլինի: Սա իմն է, բայց, եթե թանգարան լինի՝ սիրով կնվիրեմ: Ի դեպ, մեկ անգամ էլ աշխատանքից հետո նրանց տուն գնացի  ու Լուսինեի և ամուսնու կողմից ափսե և բաժակ ստացա»,-ասաց Սարգիս Նաջարյանը՝ հավելելով.

«Նրան ոչ թե պետք է հիշել Ապրիլի 24-ին կամ հուղարկավորությունների ժամանակ, այլ ամեն օր»:

Լուսինե Զաքարյանի կենսագիր Սերգեյ Մանվելյանը, ով  «Լուսինե Զաքարյանը ժամանակակիցների հուշերում» գրքի հեղինակն է՝ հետաքրքիր դեպքերից մեկը ներկայացրեց.

«1995 թվականին, երբ Լուսինե Զարքարյանին հրավիրում են Գերմանիա, բարձունքին թառած մի մեծ տաճար է լինում, խնդրում են, որ պատշգամբից երգի: Նրա վեհ ու հոգեթով ձայնը գրավում է բոլորին»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее