«Այս ընտրությունները չափազանց կարևոր են, համարում ենք հավասար՝ ՀՀ Անկախության հանրաքվեին: Չենք ընտրելու ո՛չ թաղապետ, ո՛չ էլ «թաղի լավ տղա»: Ընտրելու ենք այն իշխանությանը, որը պետք է զբաղվի երկիրն օրհասական վիճակից հանելու քաղաքականությամբ: Կլինի քաղաքական թիմ, ոը կվարի հավասարակշռված արտաքին քաղաքականություն՝ հիմքում ունենալով մեր երկրի անվտանգությունը: Տնտեսությունը պետք է զարգանա համաչափ: Պատրաստակամ ենք ձևավորել բևեռ, որը կկատարի իշխանափոխությունն ու կբերի երկրի զարգացմամբ զբաղվող քաղաքական ուժին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի առաջնորդներից Սեյրան Օհանյանը:
Վարդան Օսկանյանն էլ անդրադարձավ արտաքին քաղաքականությանը՝ նշելով, որ հաշվի առնելով ձախորդությունները՝ այն երբեք իր նպատակին չի ծառայել:
«Գաղափարական հենք չենք ունեցել, արտաքին քաղաքականությունը ճոճվել է այն ուղղությամբ, որով փչել է քամին: Դրա վառ ապացույցներից են՝ ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները, երբ Ասոցացման համաձայնագրի ստորագրման պահին 180 աստիճանով փոխվեցին և այլն»,-ընդգծեց Վարդան Օսկանյանը:
Վարդան Օսկանյանն անդրադարձավ նաև դեսպանների նշանակմանը.
«70-80 տոկոսը ոչ կադրային դիվանագետներ են, ինչն էլ բացասական ազդեցություն է ունենում երկրի համար»,-ասաց Վարդան Օսկանյանը:
Անի Կարապետյան