▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաթոսախառը խոսելու փոխարեն պետք է փոխվենք․ Վահագ Ռաշ

Ռոք երգիչ, կիթառահար Վահագ Ռաշը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս օրերին բոլորը խոսում են Արցախի օրվա մասին՝ շնորհավորում, հիշում, անգամ խոստանում «հետ բերել Արցախը»։ Բայց հարց է ծագում՝ ո՞նց եք հետ բերելու, ո՞ւմ արյան գնով… Հաճախ դրսերում նստած ենք ու այնտեղից ենք խոսում Արցախի վերադարձից։ Հեշտ է ասել, իսկ գործե՞լ։
Իմ ցավը, հավատացեք, պակաս չէ։ Կյանքիս մի կարևոր հատված ծառայել եմ Արցախում, հետո էլ բազմիցս այցելել եմ։ Սիրել եմ այդ հողը՝ ինչպես սեփական տունը։ Բայց ես իրատես եմ։ Չեմ ուզում ոչ ոքի հիասթափեցնել, բայց պետք է ընդունենք՝ Արցախը մենք անվերադարձ կորցրել ենք։ Մեր սերունդը դա այլևս չի տեսնի։ Ինչպես չտեսանք Նախիջևանը, Կարսը, Վանը…
Պատճառները շատ են։ Սկսած 1994-ից մինչև այսօր ոչ մի իրական քայլ չի արվել Արցախը պահելու համար։ Նման ճակատագրական խնդիր ունեցող պետությունը լրիվ այլ կերպ պետք է ապրեր ու գործեր։ Առաջինը՝ պետք էր լուծել Արցախի հնարավորինս շատ բնակեցման հարցը։
Իսկ ի՞նչ եղավ իրականում։ Արցախում բնակություն հաստատեցին միայն եզակի հայրենասերները և նրանք, ովքեր այլ ելք չունեին՝ ապրելու միջոցների պակասից։ Իսկ շատ արցախցիներ էլ իրենք էին լքում իրենց հայրենիքը։ Մինչդեռ պետությունը տարիներ շարունակ լցվեց կաշառակեր ու թալանչի ղեկավարներով, որոնց համար ամենակարևորը սեփական փորը լցնելն ու կարողություն դիզելն էր։ Թալանը բառիս բուն իմաստով ամենուր էր՝ սկսած փոքր չինովնիկներից մինչև երկրի գլուխը։ Եվ ահա այսօր հենց այդ մարդիկ են ամենաբարձր խոսողները։ Զարմանալի է չէ՞։
Բայց արդարացի կլինի նաև ասել՝ այդ իրավունքը նրանք ստացան մեր հանդուրժողականությունից, մեր վախերից, մեր եսակենտրոն ու ոչ պետական մտածելակերպից։ Մենք էլ ենք մեղավոր, որովհետև չկար այն ամենակարևորը՝ հայրենասիրության կենդանի նշույլը, որ պիտի միացներ բոլորիս։
Արցախը չենք կորցրել այսօր։ Արցախը կորցրել ենք այն ժամանակ, երբ չկար պետական մտածողություն, երբ առաջնորդները զբաղված էին անձնական հարստացմամբ, երբ ժողովրդի կամքը չվերածվեց միասնական պայքարի։
Այսօր պետք է խոսել ոչ թե այն մասին, թե ինչպես ենք հետ բերելու Արցախը, այլ այն մասին, թե ինչպես ենք փոխվելու որպես ազգ, ինչ ենք անելու հզոր պետություն ու բանակ ունենալու համար, որ այլևս ոչինչ չկորցնենք։
Միասնություն, ազնվություն ու ուժեղ պետություն — սա է միակ ճանապարհը։ Իսկ պաթոսախառը խոսելու փոխարեն պետք է փոխվենք»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее