Հարգելի՛ հեռուստադիտողներ, վաղն արդեն եթերում կլինի «Աջ, թե ձախ» հեռուստանախագծի երկրորդ մասը: Անցած օրերի ընթացքում մենք ամենայն լրջությամբ հետևում էինք հեռուստանախագծի շուրջ ծավալվող մտքերի փոխանակություններին, անդրադարձներին, անգամ՝ քոմենթներին: Մեզ համար շատ կարևոր է յուրաքանչյուրի կարծիքը: Ի վերջո, ծրագիրը նախատեսված է հենց ձեզ համար: Վստահաբար կարող ենք ասել, որ հետզհետե փորձելու ենք ուղղել բոլոր թերությունները և շատ կարճ ժամանակում ծրագրում ընդգրկել ձեր խորհուրդների հիման վրա ձևավորված նորամուծությունները:
Ծանոթացել ենք նաև նորահայտ ֆեյք բլոգեր «Դաժանիկի» դաժան անդրադարձին: Հարգելի՛ հեղինակ, մենք Ձեզ Ձեր ոճով չենք պատասխանի իհարկե, չնայած այն բանին, որ ունենք համապատասխան ռեսուրս համարժեք պատասխան տալու, ուղղակի հետայսու կհորդորենք Ձեզ, որպեսզի առարկայական քննարկումից զատ Ձեզ թույլ չտաք այնպիսի ամպագոռգոռ հայտարարություններ ու խելահեղ վիրավորանքներ, որ տեղ են գտել Ձեր՝ հոգեբանական թրիլլերի ոճով գրված տրակտատում: Հավատացեք, որ նման թեթև ծրագրին հարկ չկար այդքան ծանր ու սարսափազդու անդրադարձ անելը:
21-րդ դարն է վերջապես, բարեկամս, խնայեք Ձեր երիտասարդ նյարդային համակարգի ոչ խոստումնալից ծիկային զեղումները:
Մենք ինքներս գիտենք, որ այս պահին հեծանիվ չենք հայտագործել, բայց փորձում ենք ծրագիրը մատուցել այնպես, որ յուրաքանչյուր զբոսաշրջիկ ստանա իրեն հուզող հարցերի պատասխանները: Այսօր շատ դժվար է հեռուստանախագիծ ստեղծելը, նաև բավականին աշխատատար և հսկայական ռեսուրս պահանջող: Առավել ևս, որ նախագծի զգալի աշխատանքներն իրականացվում են արտերկրում: Մեր թիմը ևս, լինելով բավականին արհեստավարժ, փորձում է շտկել բոլոր թերությունները, որոնք ի հայտ են գալիս ամբողջական ծրագիրը դիտելուց հետո: Թիմում ներգրավված են մարդիկ, որոնց ճաշակները ևս բավականին տարբեր են: Դա էլ մեզ օգնելու է իդեալականի հասցնել ծրագրի ոճային մոտեցումները:
Հուսով եմ, որ ավելի ակտիվ կլինեք և մեզ ուղղված հարցերի օգնությամբ կլինեք մեր անփոխարինելի խորհրդատուները հեռուստանախագծի պատրաստման շրջանակներում:
Հաճելի դիտումներ: