▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաստորեն, Մենչի մասին լեգենդները ճիշտ էին. Յուլյա Ֆինկ

Life.panorama.am-ը գրում է.«Դեպի երազանք» 25 մասանի հեռուստաֆիլմի մասին կայքն արդեն պատմել է: Այսօր զրուցել ենք դերասանուհի Յուլյա Ֆինկի հետ, ով եւս նկարահանվել է այս ֆիլմում՝ մարմնավորելով գլխավոր հերոսի մոր կերպարը:

Ինչպես շատերն են հիշում՝ Յուլյա Ֆինկն իր ստեղծագործական գործունեության ընթացքում շատ անգամներ է մոր դերով հանդես եկել, ավելին՝ դերասանուհին որոշել էր այլեւս նման կերպարի առաջարկ չընդունել, բայց ինչպես ինքն է ասում, Արմեն Պետրոսյանի՝ Մենչի, առաջարկը որոշեց չմերժել.

 

«Երբ ինձ հրավիրեցին նկարահանվել այս ֆիլմում, սկզբում շատ էի տատանվում, քանի որ կրկին մամայի կերպար պետք է մարմնավորեի, բայց, քանի որ նախագծի պրոդյուսերը Արմեն Պետրոսյանն էր, որոշեցի վստահել նրան: Առաջարկն ընդունելու հարցում պատճառներից մեկն էլ նաեւ այնն էր, որ որքան էլ մայրիկի կերպար էր, բայց նման չէր իմ կերտած մամաներին. սա ավելի խիստ ու ընդգծված բնավորություն ունեցող կին է: Մանկուց միշտ երազել եմ Սառցե թագուհին խաղալ, եւ որոշ իմաստով այս հերոսիս մեջ ես գտա նրան, քանի որ այս կինը եւս սառը ու չար մարդ է»,- նշեց Յուլյան՝ հավելելով.

 

«Թեեւ հերոսուհիս բացասական տեսակ է, բայց փորձել եմ արդարացված նրան ներկայացնել, ինչը, կարծում եմ, կընդունվի նաեւ հեռուստադիտողի կողմից: Այս կինը ամեն ինչ անում է իր երեխաների համար, նա ոչինչ չի խնայել, որպեսզի կիրթ ու դաստիարակված մեծացնի իր երեխաներին, ուզում է, որ իր երեխաները միայն լավ կյանքով ապրեն, հենց դրանից ելնելով էլ՝ հասկանալի է դառնում շատ հարցերում դեմ գնալու իր դիրքորոշման նախահիմքը: Այս կինը թաքուն պատմություն ունի, որն իրեն սառն ու դաժան է  դարձրել, բայց նաեւ նա սիրում է իր ընտանիքը, իր տղամարդուն ու երեխաներին»:

 

Խոսելով նկարահանման ընթացքի մասին՝ դերասանուհին պատմեց.

«Ես շատ գոհ եւ շնորհակալ եմ ողջ ստեղծագործական թիմից պրոֆեսիոնալ ու սրտացավ աշխատանքի համար: Շատ աշխատասեր, ժպտառատ ու հոգատար թիմ եմ ունեցել: Դերասանական կազմին ծանոթ չէի, նկարահանման հրապարակում առաջին անգամն էինք հանդիպում, բայց շատ ուրախ եմ, որ հնարավորություն ընձեռնվեց խաղալ նրանց հետ: Մենք առաջին իսկ օրից հասկացել ենք միմյանց ու առաջին տեսարանից սկսած ամեն ինչ ինքնաբերաբար լավ անցավ: Անգամ ֆիլմում իմ երեխայի հետ շատ հարթ նկարահանումներ ենք ունեցել, ում մարմնավորում էր Մենչի փոքր դուստրը: Նա շատ դիմացկուն ու տաղանդավոր փոքրիկ էր, ով մեզ հետ հավասար գիշեր-ցերեկ աշխատեց ու չհոգնեց»:

 

Անդրադառնալով Մենչի հետ աշխատանքին՝ Յուլյա Ֆինկը ընդգծեց.

«Հիմա սպասում եմ ֆիլմի ամբողջական տարբերակին, բայց պետք է խոստովանեմ, որ շատ հաճելի էր Արմեն Պետրոսյանի թիմում աշխատելը: Անտեղի չեմ գովում, իսկապես շատ լուրջ աշխատանք է տարվել: Փաստորեն Մենչի մասին լեգենդները ճիշտ էին՝ իր հետ աշխատելն ուղղակի հաճույք էր»:

 

Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее