▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանն անձամբ է իրականացնում երկրի ավերումը և գիտակցում է իր գործած չարիքի ծավալը»․ Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Նիկոլ Փաշինյանի անխուսափելի գահընկեցության անհետաձգելիությունը, կամ թե ինչո՞ւ է նա ատում պատմությունը․
Ընթերցողին եմ հիշեցնում Մովսես Խորենացու պատմության հանրածանոթ դրվագը, որը վերաբերում է Արտավազդ թագավորի կշտամբանքին, իր հոր՝ Արտաշես Բ-ի հուղարկավորության արարողության ընթացքում. «Մինչ դու գնացեր եւ զերկիրս ամենայն ընդ քեզ տարար, ես ավերակացս ո՞ւմ թագաւորեմ» (Մովսէս Խորենացի, Պատմութիւն Հայոց, քննական բնագիրը եւ ներածութիւնը Մ. Աբեղեանի եւ Ս. Յարութիւնեանի, նմանահանութիւն, լրացումները Ա.Բ. Սարգսեանի, Երեւան, 1991, էջ 191–192).
Թարգմանություն. «Մինչ դու գնացիր եւ ողջ երկիրս քեզ հետ տարար, ես ավերակների վրա ո՞ւմ թագավորեմ»։
Տարբերությունն այն է, որ եթե Արտավազդի հայրն էր կործանում սեփական երկիրը, Փաշինյանն անձամբ ինքն է իրականացնում իր երկրի ավերումը։ Անշուշտ նա գիտակցում է իր գործած չարիքի ծավալը, ինչի արտահայտությունն են նրա մշտական ջղաձգություններն ու ընդդիմադիրների հասցեին հնչեցրած ամենօրյա լուտանքներն ու սպառնալիքները։ Ես ամենեւին չէի նախանձի Հայաստանի հաջորդ իշխանություններին, քանզի Փաշինյանն այնպիսի ծանր ժառանգություն է թողել, որի տակից գրեթե անհնար է դուրս գալ։ Իսկ թե իր նմաններին ինչպես են վերաբերվել պատմական անցյալում, եւ ինչպիսի որակումներով «պատվել» հայտնի է բոլորին։
Պատմական զուգահեռների մեկնաբանությունը թողնում եմ լրջմիտ ընթերցողի հայեցողությանը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее