Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ գլխատեց բանակը՝ սկսած գեներալներից, որպեսզի կարողանար հասնել կապիտուլյացիայի եւ հասավ դրան. ամբողջությամբ կորցրինք Արցախը, հիմա սկսել ենք կորցնել հայկական սահմանները: Այս մասին այսօր՝ հունվարի 4-ին, հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ քննչական կոմիտեի վերահսկողության գլխավոր վարչության նախկին պետ արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը:
«Չգիտեմ՝ երբեւէ նրան զեկուցո՞ւմ են, կամ նա լսո՞ւմ է որեւէ մեկին, թե ինչ է կատարվում երկրում: Նա ամբողջությամբ կտրվել է իրականությունից: Նա կապիտուլյացիայի հասավ մեր հերոսներին վարկաբեկելու միջոցով: Հիմա, որպեսզի ՀՀ սահմանները եւս կարողանա սկուտեղի վրա նվիրել Ադրբեջանին, սկսեց հետապնդումներ սկսել սահմանային մեր համայնքապետերի նկատմամբ: Զարմանալին այն է, որ այնպիսի հիմար հոդվածներով նրանց ձերբակալեց, որոնցով նույնիսկ ազատազրկում չի սպասվում»,- ասաց Պետրոսյանը:
Թաթուլ Պետրոսյանի տպավորությամբ՝ Նիկոլ Փաշինյանն անհայրենիք ու անսուրբ է. «Նա չի հասկանում նույնիսկ մարդկանց բնակարաններից զրկելու ընթացակարգը: Նույն Որոտանի, նույն Շուռնուխի 12 բնակարաններ պետք է հանձվեն թուրքերին, թե ոնց են բաժանելու, ոչ ոք չի հասկանում, եւ նա ասում է, որ փոխհատուցում կտան, փոխհատուցում ինչի՞ առաջ, փոխհատուցում, որ մարդիկ բնակարա՞ն են կորցնում, մեկ-երկու օրվա ընթացքում պետք է լքեն այն: Սա մարդու մոտեցում է, որը գործնականում չի հասկանում՝ ինչ է նշանակում հայրենիք, տուն»։
Սյունիքում սահմանազատումներից հետո, Թաթուլ Պետրոսյանը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը դա շարունակելու է նաեւ Գեղարքունիք եւ Տավուշի մարզերում. «Վստահությունս նրանում է, որ արդեն իսկ սկսել են այդ գործողությունները: Ես հեռու եմ այն մտքից, որ նա միայն ստորագրել է այդ 9 կետանոց հայտարարությունը, ես համոզված եմ, որ տողատակում կան այլ պայմանագրեր, ասում են՝ բանավոր, բայց ես կարծում եմ, որ կա նաեւ գրավոր… Ես համոզված եմ, որ արդյունքում լինելու է նաեւ միջազգային պայմանագիր, արդեն երկու պետությունները սահման են գծում»:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ինքն իրեն համարում է թիվ մեկ պատասխանատուն, բայց չի համարում թիվ մեկ մեղավորը՝ Պետրոսյանն ասաց, որ քրեաիրավական նման տերմին չկա. «Եթե մարդը մեղավոր չի, հետեւաբար պատասխանատու էլ չի: Եթե պատասխանատու է որոշակի արարքի համար, ապա նա մեղք պետք է ունենա: Իր մոտեցումն այն է, որ ինքը պատրաստ չէ մարդկանց առաջ պատասխան տալու: Մինչեւ այժմ ասում է, որ պատասխատանու է, բայց պատասխանատվության որէեւ ձեւ նկատելի չի»։