Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ՍԴ դատավորներին, բացառությամբ մեկի, որը գիտեք, փախած է ՍԴ-ից. իսկապես ՍԴ-ն գտնվեց իր բարձունքի վրա: Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ՍԴ որոշմանը, որով հակասահմանադրական եւ անվավեր ճանաչվեց քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որով մեղադրանք էր առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին եւ մյուսներին:
«Իհարկե, քաղաքական հետապնդումների առումով սա գուցե սպասելի չէր, որովհետեւ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը կուրծք էր ծեծում ՍԴ-ն իրենով անելու ուղղությամբ, ենթադրվում էր, որ իրքն արդեն իրենով է արել: Կարծեմ ինքն ասաց, որ ՍԴ-ի խնդիրն արդեն լուծված է: Նա մտածում էր, որ ինչ ուզի, ՍԴ-ն պետք է անի, բայց ՍԴ-ն սառը ցնցուղ մատուցեց նրան, դրա համար ընկել է ցայտնոտի մեջ, տարօրինակ հայտարարություններ է անում: ՍԴ-ի որոշումը եղել է բացառապես Սահմանադրության եւ օրենսդրության մյուս գործող ակտերին համապատասխան: Այստեղ Քոչարյանի խնդիրը չի, այստեղ արդարության հաղթանակի խնդիրն է»,-հայտարարեց պատգամավորը:
«Հայելի ակումբում» Գևորգ Պետրոսյանի մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում։