▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը ծանր կացության մեջ է հայտնվել

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Եկեղեցու, Վեհափառի ու որոշ եպիսկոպոսների հասցեին շարունակվող զազրախոսություններին, իշխանական աղբյուրները հայտնում են, որ Փաշինյանը ծանր կացության մեջ է հայտնվել Եկեղեցու դեմ հայտարարած պատերազմում` չգիտի ինչ անել։

Նա հասկանում է, որ այս հարցում չունի հանրային լայն աջակցություն: Թեպետ «նեղ կռուգում» ակնարկել է, որ գուցե ինքն առաջնորդի մարդկանց դեպի Վեհարան, եւ բռնի ուժով կաթողիկոսին հրաժարական պարտադրեն, առաջարկը չի ողջունվել, սակայն թիմում վստահ չեն՝ Փաշինյանը կիրականացնի՞ իր վտանգավոր մտադրությունը, թե՞ կխուսափի առճակատումից։

Առայժմ փորձելու է Վեհարանը Վեհափառից ազատել հոգեբանական տեռորի միջոցով՝ ստատուսներով, թիմին Վեհափառի դեմ «քսի տալով» եւ այլն։ Երեկ նրա ասուլիսից էլ դա հասկացվեց։

«Վեհարանն ազատելու ենք այնպես, ինչպես ՀՀ-ն ազատեցինք Սերժ Սարգսյանից»,- ասաց նա` տպավորություն ստեղծելով, թե իր համակիրներին առաջնորդելու է դեպի Վեհարան, ինչպես 2018-ին արեց։

Իսկ ճշտող հարցին, թե ինչպես է ազատելու` դռներ կոտրելո՞վ, ասաց․ «Սիրով, աղոթելով»։ Այսինքն՝ ռադիկալ հայտարարություններով փորձում է հանրությանը դրդել ինչ-որ քայլերի, որ հետո արդարանա, թե ինքնաբուխ հավաքներ են եղել։

Սակայն անցած ամիսները ցույց տվեցին, որ այս հարցում իշխանությունն աջակիցներ չունի՝ ո՛չ դրսում, ո՛չ ներսում: Հոգեւոր դասն էլ անցել է հակագրոհի` նզովում են իշխանություններին։

Մեր աղբյուրները հայտնում են, որ իրավապահներին հրահանգ է իջեցրել՝ կաթողիկոսի դեմ գործեր «կարել», արդեն մեկ տասնյակ գործ է բացվել, բայց դեռ չեն հայտարարում։

Փաշինյանը մի քանի անգամ թիմին ասել է, որ մինչեւ աշուն այս հարցը պետք է լուծվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее