ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի համոզմամբ՝ քաղաքականությունը պետք է լինի գաղափարների բախում ու չտեղափոխվի անձնական վիրավորանքների դաշտ:
«Մենք միշտ փորձում ենք վեր կանգնել էդ դաշտից նույնիսկ մեր հասցեին՝ ընդհուպ վարչապետի մակարդակով հնչեցրած բազմաթիվ վիրավորանքների, զրպարտությունների դեպքում: Մենք փորձում ենք քաղաքական բանավեճը բերել գաղափարների դաշտ»,- Factor TV-ի եթերում ասել է պատգամավորը: «Իհարկե դա հաճախ չի հաջողվում, որովհետև երբ հետդ երկխոսողը չունի նման գաղափարներ, տեսլական, դատարկություն է ամբողջությամբ, էդ պարագայում նա ընդամենը քեզ պետք է հայհոյի, որովհետև վախենում է այն գաղափարներից, որոնց կրողը դու ես, քանի որ դա կարող է վնասել իր իշխանությանը»,- նշել է նա: Գորգիսյանի խոսքով՝ այս ողջ ընթացքում այդպես է վարվել Նիկոլ Փաշինյանը:
«Նա վախենում է մեզնից, դրա համար աճեցնում է նախկին իշխանություններին՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և նրանք էլ հասկանում են, որ եթե Նիկոլ Փաշինյանի միակ այլընտրանքը լինեն, դրանով հնարավորություն կունենան մնալ ջրի երեսին… Այս փոխադարձ, միմյանց լրացնող խաղը նրանք երկուսով պասերով խաղում են»,- նկատել է Գորգիսյանը: Պատգամավորը հավելել է, որ պատրաստվում են այդ խաղը կանգնեցնել իրենց քաղաքական գաղափարներով և մոտեցումներով:
Դիտեք նաև՝